Հայերի դեմ մեր պապերի արածների համար ամոթ ենք ապրում. Ահմեթ Թյուրք

Ահմեթ Թյուրք

Թուրքիայի Մարդին քաղաքի քաղաքապետ, հայտնի քուրդ քաղաքական գործիչ Ահմեթ Թյուրքը հերթական անգամ խոսել է Հայոց ցեղասպանության իրականացման գործում քրդերի մասնակցության մասին՝ այդ ամենը որակելով «ամոթալի»:

Քուրդ առաջնորդն այցելել է գերմանական Համբուրգ քաղաք, որտեղ էլ հանդիպել է տեղի քուրդ համայնքի ներկայացուցիչների հետ: Մի քանի հարյուր հոգու մասնակցությամբ անցած հանդիպման ժամանակ էլ Թյուրքն անդրադարձել է իր նախնիների՝ հայերի ու ասորիների դեմ իրականացված գործողություններին:

«Մեր պապերի՝ հայերի և ասորիների դեմ արածների համար ամոթ ենք զգում: Երբ հայերն ու ասորիները լքեցին իրենց հայրենի հողը, այդ ժամանակ բախվեցինք աղքատությանն ու չքավորությանը: Նրանք էին մեր երկրի հարստությունը»,- իր ելույթի ժամանակ հայտարարել է քուրդ գործիչը:

Նշենք, որ նախկինում ևս Ահմեթ Թյուրքը հաճախ է բարձրաձայնել Հայոց ցեղասպանության իրողության մասին՝ դրա մեջ տեսնելով նաև քրդերի բացասական դերը, ինչի համար էլ ներողություն է խնդրել հայերի սերունդներից: Այնուամենայնիվ, Թյուրքը ինչպես ավելի վաղ արված հայտարարություններում, այնպես էլ հիմա նշել է, որ քրդերը լոկ գործիք են եղել թուրքերի ձեռքում, և Օսմանյան կայսրությունը նրանց օգտագործել է Ցեղասպանության տարիներին:

Հավելենք, որ Օսմանյան կայսրությունում հայերի համակարգված կոտորածներին թուրքերի հետ մեկտեղ ակտիվորեն մասնակցել են նաև տեղի քրդերը, որոնք իրականացրել են ոչ միայն հայերի ու այլ քրիստոնյաների զանգվածային սպանություններ, այլ նաև զբաղվել են թալանով, իրականացրել կանանց ու երեխաների առևանգումներ և նմանատիպ այլ գործողություններ:

Թուրքիայում գործունեություն ծավալող քուրդ քաղաքական գործիչների մի մասը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, սակայն դրա համար միակ մեղավոր տեսնելով Օսմանյան կայսրությանը, իսկ քրդերին համարելով գործիք թուրքական իշխանությունների ձեռքում: Բացի այդ, քրդական քաղաքական շրջանակներում Հայոց ցեղասպանության հարցը հաճախ շրջանառվում է որպես լծակ թուրքական պետության դեմ պայքարում:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ