Դերսիմի կոտորածների հայ ականատեսի վկայությունները տպագրվել են Թուրքիայում

Դերսիմ

Թուրքիայում լույս է տեսել հայ ականատեսի վկայությամբ Դերսիմի կոտորածների մասին պատմող գիրք, որտեղ զարհուրելի փաստեր են ներկայացված: Նոր լույս տեսած գրքում տեղ են գտել Սարգիս Գրիգորյանի հուշերը, ով 30-ականների վերջին թուրքական պետության կողմից իրականացված Դերսիմի կոտորածների ժամանակ 12 տարեկան է եղել:

Գիրքը հեղինակել է Մուրաթ Քահրամանը, ով էլ գրի է առել Սարգիս Գրիգորյանի պատմածները: «Երկնակամարը կորցրած արծիվը» անունը կրող գիրքն արդեն վաճառքի է հանվել Թուրքիայի տարածքում: Գրքում տեղ են գտել նաև այլ հայերի պատմություններ, ովքեր վերապրել են ոճրագործությունը:

Գրքում նշվում է, որ 12-ամյա Սարգիսը հրաշքով է փրկվել իրենց գյուղում իրականացված արյունալի կոտորածներից: Նա պատմում է, որ երբ զինվորները եկել են իրենց գյուղ, իրենք հյուրընկալել են նրանց, անգամ գյուղացիներն ու զինվորները միասին ճաշկերույթ են արել: Գյուղացիները գառներ են մորթել զինվորների համար, սակայն ավելի ուշ ճաշին մասնակցած թուրք զինվորականները կոտորել են իրենց հյուրընկալած գյուղացիներին:

«Առավոտյան զինվորները հավաքում էին բոլոր գյուղացիներին և սկսում գնդակահարությունը: Որոշ ժամանակ անց նրանք դադարեցնում էին կրակը, գտնում դեռևս կենդանի մարդկանց ու նրանց նույնպես սպանում: Սարգիսն այդ ժամանակ պառկած է լինում սպանվածների մեջ, նրան փամփուշտ դիպած չի լինում, ինչի շնորհիվ էլ կարողանում է փրկվել: Սարգիս Գրիգորյանը պատմում է, որ սպանվածների թվում էր նաև իր մայրը, որը կոտորածի սկսվելու պահին հաց էր պատրաստում: Ավելի ուշ փրկվածները, ովքեր բարձրացել էին մոտակա լեռները, իջնում են գյուղ: Փոքրիկ Սարգիսը ևս իջնում է սեփական տուն և գտնում կիսապատրաստ հացը, որն իր մայրն էր փորձել պատրաստել: Հետագայում Սարգիսը թողնում է Թուրքիան ու գաղթում Գերմանիա»,- գրված է գրքում:

Նշենք, որ 1937-1938թթ. Թուրքիան լեռնային Դերսիմ շրջանում իրականացրել է տեղի բնակիչների զանգվածային կոտորած՝ նրանց մեղադրելով ապստամբության մեջ: Կոտորածների զոհ են դարձել մի քանի տասնյակ հազար խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ հայեր, ովքեր կամ դարեր շարունակ այդ հողերում բնակվում էին, կամ էլ փրկվել էին Հայոց ցեղասպանության տարիներին ու ապաստան գտել դժվարամատչելի այդ վայրերում:

«Երկնակամարը կորցրած արծիվը» գիրքը ևս մեկ անգամ փաստում է, որ թուրքական բանակի կողմից Դերսիմում սպանդի ենթարկվածների թվում մեծաթիվ հայեր են եղել:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ