Ստամբուլում մի խումբ երիտասարդներ պայքար են սկսել հակահայ ակցիա նախապատրաստող ազգայնամոլների դեմ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում առաջադիմական հայացքներ ունեցող մի խումբ երիտասարդներ փորձում են պայքարել այլատյացության դրսևորումների, այդ թվում՝ հակահայ կարգախոսների դեմ: Այս մասին հայտնում է «Օրթակ հաբեր» լրատվական կայքը:

Քաղաքի Քադըքյոյ թաղամասում ֆաշիստական խմբավորումները փետրվարի 22-ին Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ «հայկական ահաբեկչության» դեմ ցույց են նախաձեռնել: Դրան ընդառաջ՝ թաղամասում ռասիստական բովանդակության գրություններ են հայտնվել: «Կա՛մ թուրք եք, կա՛մ փչացած» կարգախոսով առաջնորդվող ծայրահեղականները քարոզչություն են իրականացնում անգամ տեղի հայկական եկեղեցիների առջև:

Ի պատասխան դրան՝ հասարակական-քաղաքական կառույցների մի խումբ ակտիվիստներ թաղամասում մի արշավ են սկսել, որն անցնում է «Քադըքյոյում ռասիզմի համար տեղ չկա» կարգախոսի ներքո: Տեղեկատվական թերթիկներ բաժանելուց և պաստառներ փակցնելուց բացի, նրանք նաև պահանջում են արգելել հակահայ ցույցի անցկացումը:

Նախատեսվում է, որ ֆաշիզմի և ռասիզմի դեմ պայքարող երիտասարդները քրիստոնեական եկեղեցիների առջև բողոքի գործողություն կանցկացնեն նաև հաջորդ շաբաթվա վերջին:

Հավելենք, որ Ստամբուլի Քադըքյոյ (Քաղկեդոն) թաղամասում ավանդաբար զգալի թվով հայեր են բնակվել: Այստեղ են Պոլսի հայկական համայնքին պատկանող Սուրբ Թագավոր եկեղեցին և Արամյան-Ունջույան տարրական դպրոցը:

Նշենք, որ Թուրքիան ակտիվորեն օգտագործում է «Խոջալուի դեպքերը»՝ իր հակահայ քարոզչության համար: Պաշտոնական Անկարան Խոջալուի դեպքերի համար հայերին մեղադրում է «ադրբեջանցիների կոտորածի ու ցեղասպանության» համար և իր պնդումներն ակտիվորեն թմբկահարում միջազգային հարթակում:

Յուրաքանչյուր տարվա փետրվար ամսին թուրքական իշխանությունները երկրի ողջ տարածքում ակտիվացնում են Խոջալուի դեպքերի հետ կապված գործունեությունը, ինչն ուղեկցվում է խիստ հայատյաց տրամադրություններով: Միևնույն ժամանակ, թուրքական պետության հետ մեկտեղ՝ ադրբեջանական լոբբին ևս ակտիվորեն կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, քարոզչական արշավներ՝ Թուրքիայում հակահայ կրքեր բորբոքելու համար:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ