Միայն Էրդողանի պես խաբեբաները կարող են մեղադրել Հայկական սփյուռքին բացասական արշավ իրականացնելու համար. թուրք սյունակագիր

Թայիփ Էրդողան

Թուրքական «Ռադիկալ» պարբերականի սյունակագիր Ֆուրքան Չայն իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարություններին։

«Թուրքիայում տաբու համարվող Ցեղասպանության հարցի վերաբերյալ պետական դիրքորոշումը շարունակում է ժխտողական մնալ։ Այս մասին է վկայում նախագահ Էրդողանի վերջին ելույթը, երբ նա հերթական անգամ խոսեց Ցեղասպանության հարցը պատմաբաններին հանձնելու անհրաժեշտության մասին՝ չշեղվելով թուրքական պաշտոնական թեզից։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մինչև այսօր մեզ հետ կատարված բոլոր իրադարձությունների մասին տեղեկացել ենք պատմաբաններից։

Նախագահի՝ արխիվները բացելու մասին խոսքերն էլ ամենևին համոզիչ չեն, որովհետև այս հողերում ապրող ամեն ոք քաջատեղյակ է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբից Ցեղասպանության մասին որևէ փաստաթուղթ ստանալն անհնար է… Եթե նույնիսկ փաստեր տրամադրեն, միևնույն է, ակնկալել, որ 2011թվականին 35 քաղաքացու սպանած ԶՈւ-ին պատասխանատվության չենթարկած իշխանությունները կճանաչեն Ցեղասպանությանը, խելամիտ չէ։

Էրդողանը հայտարարում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2015 թվականի ապրիլի 24-ին Չանաքքալեի հաղթանակի 100-ամյա տարելիցի միջոցառումներին չմասնակցելն անքաղաքավարություն է՝ ցույց տալով, թե իբր ինքը հավատում է իր հորինած ստերին: Պատմությունից քիչ թե շատ տեղեկացված մարդիկ գիտեն, որ ապրիլի 24-ը Չանաքքալեի ճակատամարտի հետ որևէ առնչություն չունի: Մինչդեռ ապրիլի 24-ն ընտրելու պատճառը շատ պարզ է. խուսափել Ցեղասպանության մեղադրանքներից և ստերի վրա հիմնված Հանրապետության վրա ևս մեկ սուտ ավելացնել:

Ապրիլի 25-ը մեծ կարևորություն է ներկայացնում Անգլիայի և ԱՆԶԱԿ-ի համար, քանի որ այդ օրը առավոտյան ժամը 4։30-ին Գալիպոլի թերակղզում ցամաքային գործողություններ են սկսել և ընկել մարտի դաշտում։ Այդ իսկ պատճառով այժմ Անգլիայի և ԱՆԶԱԿ-ի համար ապրիլի 25-ը զոհված պապերի հիշատակի օրն է համարվում։

Հայկական սփյուռքի արդար պահանջները միայն նախագահի պես խաբեբաները կարող են որպես բացասական արշավ ներկայացնել։ 1.5 միլիոն մարդու սպանության համար իրավական պահանջներն առավել քան արդարացված են։ Եթե նացիստների գործողություններին զոհ դարձածների ժառանգները Գերմանիայից հաշիվ պահանջեցին, այդ դեպքում կոտորածի ենթարկված հայերի թոռներն ինչո՞ւ չպետք է իրենց պահանջները դնեն Թուրքիայի առջև։ Սփյուռքը քննադատության ենթարկվելու դեպքում, միևնույն է, չի հրաժարվի իր պահանջներից։

Եթե նախագահ Էրդողանը և Թուրքիայի Հանրապետությունն իսկապես ցանկանում են լուծել Ցեղասպանության հարցը, ուրեմն պետք է անհապաղ ներողություն խնդրեն Թուրքիայում կատարված իրադարձությունների համար, ստանձնեն ողջ պատասխանատվությունը, փոխհատուցում տրամադրեն Հայոց ցեղասպանությունից ողջ մնացածներին և նրանց ժառանգներին, վերադարձնեն հափշտակված գույքն ու այլ քայլեր ձեռնարկեն», – գրում է հեղինակը։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ