Դինքի սպանության կանխումը ձախողելու համար գլխավոր պատասխանատուն անգամ հարցաքննության չի կանչվել. թուրք փաստաբան

«Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակներում հունվարին կալանավորված երեք ոստիկաններից մեկի՝ Տրապիզոնի ոստիկանական դեպարտամենտի կոմիսարի օգնական Օզքան Մումջուի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի ցուցմունքը չի ներառվել այս գործում, ինչպես նաև քննադատել է ընթացիկ հետաքննությունը։ Այս մասին գրում է թուրքական «Թըդեյս Զաման» թերթը։

Փաստաբան Զաֆեր Քիրեմիթչին հայտարարել է, որ իր համար կասկածելի է այն հանգամանքը, որ մինչև այսօր դեռ հարցաքննության չի կանչվել Թուրքիայի ոստիկանության ազգային հետախուզական դեպարտամենտի ղեկավար Էնգին Դինչը, որը Դինքի սպանության ժամանակ եղել է Տրապիզոնի ոստիկանական դեպարտամենտի կոմիսարը, այսինքն՝ կալանավորված ոստիկաններն այդ պահին հենց նրա ենթակայության տակ են եղել։ Փաստաբանի պնդմամբ՝ Դինքի սպանությունը կանխելու ձախողման համար գլխավոր պատասխանատու անձը հենց Դինչն է, և ոչ թե վերոնշյալ ոստիկանները։

«Ոստիկանության հիմնական զեկույցի տակ առկա է Դինչի ստորագրությունը, մինչդեռ նրան անգամ հարցաքննության չեն կանչել։ Բացի դրանից՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչու իմ պաշտպանյալի ցուցմունքը չի ներառվել այս գործում»,- ընդգծել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում։ 5 տարի շարունակվող կողմնակալ և բազմաթիվ քննադատությունների արժանացած դատավարությունից հետո` 2012 թվականի հունվարի 17-ին, հրապարակվեց առաջին դատավճիռը։ Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, որի գործը քննում էր Անչափահասների գործերով դատարանը, դատապարտվեց 21 տարի 6 ամիս ազատազրկման։ Դինքի սպանության մասնակիցներից Յասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության առաջին գործով անմեղ է ճանաչվել, սակայն երկրորդ գործով կալանավորված է։

Այժմ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է ընթանում, որը նույնպես քննադատությունների է արժանանում: Այս ընթացքում նոր ձերբակալություններ են եղել, մասնավորապես՝ անվտանգության աշխատակիցների շրջանում, ինչը նախկին դատավարության ժամանակ շրջանցվել էր։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ