Թուրքիայի իշխող կուսակցության հայ թեկնածուն պատգամավոր դառնալու լավ հնարավորություններ ունի. «Միլիյեթ»

Մարգար Եսայան

Թուրքական «Միլլիյեթ» թերթի հոդվածագիր Սինա Քոլօղլուն իր պատրաստած հոդվածում փորձում է հասկանալ, թե ինչպիսի հնարավորություններ ունեն Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում պատգամավորության հնարավոր թեկնածու լրագրողները՝ նրանց կարողությունները բավական բարձր գնահատելով: Քոլօղլուն իր հոդվածում տեղ է հատկացրել նաև «Արդարություն և զարգացում» կուսակցությունից առաջադրված, ազգությամբ հայ թեկնածու Մարգար Եսայանին՝ նրա հնարավորությունները ևս բարձր գնահատելով:

Քոլօղլուն նշում է, որ թեկնածու առաջադրված լրագրողների առավելությունն այն է, որ նրանք հաճախ են հայտնվում լրատվամիջոցներում, հատկապես, հեռուստատեսությունում, ինչի արդյունքում էլ բավական ճանաչելի են հասարակության շրջանում և որոշակի հեղինակություն են վայելում:

«Այլ թեկնածուները, որոնք միլիարդներ էլ ծախսեն, չեն կարող հայտնվել հեռուստաէկրաններին այնքան, որքան լրագրողները, այն էլ՝ անվճար»,-նշում է հոդվածագիրը:

Վերջինս նաև մի շարք վիճակագրական տվյալներ է ներկայացնում, թե տարբեր քաղաքական ուժերի անունից ներկայացված լրագրող թեկնածուներն անցյալ տարի քանի հեռուստահաղորդման են մասնակցել: Լրագրող թեկնածուները միջինը մի քանի տասնյակ հաղորդման են մասնակցել: Ըստ նույն աղբյուրի՝ 2014 թվականի ընթացքում հայ թեկնածու (դեռ թեկնածուի վերջնական կարգավիճակ չունի-խմբ.) Մարգար Եսայանը հեռուստաէկրաններին, որպես հաղորդման հյուր, հայտնվել է 15 անգամ: Հեղինակն ընդգծում է, որ 2015 թվականի ընթացքում Եսայանն անհամեմատ ավելի հաճախ է հայտնվում հեռուստատեսությունում, ինչն էլ բարձրացնում է նրա հնարավորությունները: «Եթե նա ԱԶԿ-ից պատգամավոր ընտրվի, անակնկալ չի լինի: Նա հայ ինքնություն ունեցող լրագրողների թվում ամենաշատն էկրանին հայտնվող անձանցից է»,-գրում է հոդվածագիրը:

Նշենք, որ թուրքական իշխանամետ «Ենի Շաֆաք» թերթի ազգությամբ հայ հոդվածագիր Մարգար Եսայանը հնարավոր է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորի թեկնածու դառնա։ Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություներին Ստամբուլի ընտրատարածքում իր թեկնածությունը ԱԶԿ-ից առաջադրելու համար Եսայանը դիմել է կուսակցության Ստամբուլի ղեկավար մարմին։
ԱԶԿ-ում ընդունել են հայտը, և առաջիկայում քննարկվելու է Եսայանին որպես պատգամավորի թեկնածու առաջադրելու հարցը։

Հավելենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, իշխանամետ հայացքներով աչքի ընկնող հայ լրագրողը նախկինում եղել է թուրքական «Թարաֆ» թերթի գլխավոր խմբագիրը։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

 

Մեկնաբանություններ