Թուրքիայի խորհրդարանը Հայաստանին կոչ է արել դուրս բերել զորքերն Արցախից

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) արտաքին գործերի հանձնաժողովը հռչակագիր է տարածել, որով կոչ է արվում դատական պատասխանատվության ենթարկել թուրքերի և ադրբեջանցիների կողմից հորինված «Խոջալուի ցեղասպանության» մեղավորներին։ Այս մասին գրում է Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական կայքը։

Թուրքիայի երեք՝ «Արդարություն և զարգացում», «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների համատեղ հռչակագրում Հայաստանին կոչ է արվում դուրս բերել զորքերն Արցախի տարածքից։

Պատմական փաստերն աղավաղած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Թուրք ժողովուրդը մշտապես սրտի կսկիծով է հիշում բարբարոսական հարձակումներն ու սպանդը, որոնք Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ իրականացվել են 23 տարի առաջ Խոջալու քաղաքում, և կիսում է այդ ցավն իր եղբայրների՝ ադրբեջանցի ժողովրդի հետ։ Մենք քննադատում ենք կատարվածն ու կոչ անում Հայաստանին դուրս բերել իր զորքերն Ադրբեջանի օկուպացված տարածքներից։

Խոջալուի սպանդը մարդկության պատմության ամենասահմռկեցուցիչ էջերից է։ Պարտադիր ենք համարում անհապաղ կերպով դատական պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին»։

Նշենք, որ Թուրքիան ակտիվորեն օգտագործում է «Խոջալուի դեպքերը» իր հակահայ քարոզչության համար: Պաշտոնական Անկարան «Խոջալուի դեպքերի» համար հայերին մեղադրում է «ադրբեջանցիների կոտորածի ու ցեղասպանության» մեջ և իր պնդումներն ակտիվորեն թմբկահարում միջազգային հարթակում:

Յուրաքանչյուր տարվա փետրվար ամսին թուրքական իշխանությունները երկրի ամբողջ տարածքում ակտիվացնում են Խոջալուի դեպքերի հետ կապված գործունեությունը, ինչն ուղեկցվում է խիստ հայատյաց տրամադրություններով: Միևնույն ժամանակ, թուրքական պետության հետ մեկտեղ՝ ադրբեջանական լոբբին ևս ակտիվորեն կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, քարոզչական արշավներ՝ Թուրքիայում հակահայ կրքեր բորբոքելու համար:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ