Դինքի սպանության գործով ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության նախկին պաշտոնյան

«Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության գործով Անկարայում ձերբակալվել և Ստամբուլ է տեղափոխվել Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը։

Աքյուրեքը, որը նախորդ տարվա հոկտեմբերին կայացած հարցաքննության ժամանակ 12 անգամ օգտագործել էր «չեմ հիշում» և 15 անգամ՝ «չգիտեմ» արտահայտությունները, ձերբակալվել է Հրանտ Դինքի սպանության գործը քննող դատախազ Գյոքհալփ Քյոքչյուի որոշմամբ։

Ըստ դատախազության՝ Աքյուրեքը 2007 թվականին Տրապիզոնում պաշտոնավարելու ժամանակ որևէ քայլ չի ձեռնարկել՝ կանխելու Դինքի սպանությունը, թեև նախապես տեղեկացված է եղել սպանության նախապատրաստման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում։ 5 տարի շարունակվող կողմնակալ և բազմաթիվ քննադատությունների արժանացած դատավարությունից հետո` 2012 թվականի հունվարի 17-ին, հրապարակվեց առաջին դատավճիռը։ Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, որի գործը քննում էր Անչափահասների գործերով դատարանը, դատապարտվեց 21 տարի 6 ամիս ազատազրկման։ Դինքի սպանության մասնակիցներից Յասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության առաջին գործով անմեղ է ճանաչվել, սակայն երկրորդ գործով կալանավորված է։

Այժմ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է ընթանում, որը նույնպես քննադատությունների է արժանանում: Այս ընթացքում նոր ձերբակալություններ են եղել, մասնավորապես՝ անվտանգության աշխատակիցների շրջանում, ինչը նախկին դատավարության ժամանակ շրջանցվել էր։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ