Անկարայի քաղաքապետարանը ձգձգում է մի շարք կառույցներին Ցեղասպանությունը ժխտող նյութերի բաժանումը

Չնայած երկու շաբաթ կայացված որոշմանը՝ Անկարայի քաղաքապետարանը դեռևս չի սկսել Հայոց ցեղասպանությունը ժխտող նյութեր բաժանել դպրոցներին, հիմնադրամներին, կազմակերպություններին, գրադարաններին և հետազոտական կենտրոններին։ Այս մասին Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթի հետ զրույցում հայտնել է Անկարայի քաղաքապետարանի մամուլի ծառայության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներից մեկը։

Աղբյուրը հայտնել է, որ թեև որոշումն արդեն կայացվել է, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ է սույն ծրագիրը կյանքի կոչվելու։ Աշխատակիցը նշել է, որ «ճիշտ աշխատանքի արդյունքում իրականացվելիք այս նախագիծը լավ մտադրություններով է արվում»։

Անկարայի քաղաքապետարանը մտադիր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարի և այս հարցում Թուրքիայի որդեգրած ժխտողական քաղաքականության շրջանակներում գնել «Նոր Թուրքիա» հրատարակչության կողմից տպագրված 5 հատորանոց «Հայկական հարցի ժողովածու» և 12 հատորանոց «Օսմանյան նախագիծ» գրքերը, ինչպես նաև 20 տեսակի տարբեր բրոշյուրներ, և դրանք բաժանել մի շարք կառույցների։

Քաղաքապետարանը սույն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի 1915 թվականի իրադարձությունների 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայկական հարցը կհայտնվի և՛ ներքին, և՛ արտաքին ճակատներում։

Նշենք, որ 2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում: Թուրքիան տպում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական և միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ: Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը: Բացի դրանից՝ աշխարհի տարբեր երկրներում բնակվող թուրքերը նաև Անկարայի միջամտությամբ կազմակերպում են հակահայ ակցիաներ, միջոցառումներ:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ