Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Գերմանիայի Ձախ կուսակցության թուրք պատգամավոր

Հաքան Թաշ

Գերմանիայի ձախ կուսակցության (գերմ.՝ Die Linke) պատգամավոր, ազգությամբ թուրք Հաքան Թաշը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է թուրքական «Հա-Բեր» կայքը։

«Հարյուր հազարավոր մարդկանց բռնի տեղահանությունն ինքնին հանցանք է մարդկության դեմ, իսկ 1915 թվականի աքսորը խոսում է այն մասին, որ նախապես ծրագրված է եղել այդ մարդկանց մահը»,- ասել է Թաշը՝ հիշեցնելով, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարին է լրանում։

«Փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ տեղահանության են ենթարկվել ոչ միայն Արևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան – խմբ.) ապրող հայերը, այլև Օսմանյան կայսրության մեծ քաղաքներում բնակվող հայ առաջնորդները»,- նշել է թուրք պատգամավորը՝ ընդգծելով, որ սա վկայում է այն մասին, որ հայերի դեմ համակարգված գործողություն է իրականացվել:

Սակայն հարկ է նշել, որ թեև Հաքան Թաշը խոսել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, սակայն միաժամանակ հայտարարել է, որ հանրապետական Թուրքիայի կառավարություններն այս հարցում որևէ մեղք չունեն, բայց պատմական պատասխանատվություն են կրում:

Գերմանիայի ձախ կուսակցության ներկայացուցիչը նաև նշել է, որ թեև պատմության գրքերում արդարացիորեն գովերգվում են օսմանյան շրջանի դրական կողմերը, սակայն, իր կարծիքով, սխալ է պատմությունը միայն իրենց ձեռնտու երանգներով ներկայացնելը:

«Ցեղասպանության 100-րդ տարելիցին դրա ճանաչումը երկու երկրների և երկու ժողովուրդների միջև նոր, բարեկամական ժամանակաշրջան սկսելու հնարավորություն կտա»,- եզրափակել է Թաշը։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ