Թուրքական ժխտողականության ապացույցը 2001թ. հիմնված Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը համակարգող խորհուրդն է. Զարաքոլու

Թուրքիայում հայտնի հրատարակիչ, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն թուրքական «Օզգյուր Գյունդեմ» լրատվակայքում լույս տեսած «Քայլ՝ 100-րդ տարելիցին ընդառաջ» հոդվածի առաջին մասում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային։

Հոդվածի առաջին մասում, որը հիմնականում կազմված է պատմական ակնարկներից, գրում է, որ ամբողջ աշխարհում և Թուրքիայում ապրիլի 24-ին հիշելու են 100 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանությունը (նաև ասորիների և հույների – հեղ.)։ Զարաքոլուն, մասնավորապես, նշում է, որ Առաջին աշխարհամարտի ավարտից 6 ամիս անց դիվանագիտական առաքելություն իրականացնող անձանց նախաձեռնությամբ Թուրքիայում առաջին անգամ հիշում և հարգում են զոհերի հիշատակը Ստամբուլի 3 տարբեր եկեղեցիներում։ Ընդ որում, ըստ նրա՝ այդ միջոցառումներին Օսմանյան կայսրության որևէ պաշտոնյայի մասնակցության վերաբերյալ հիշատակություններ չկան։

Խոսելով Թուրքիայի պետական ժխտողական քաղաքականության մասին՝ Զարաքոլուն նշում է, որ այն լավագույնս արտացոլում է 2001 թվականին Թուրքիայում ստեղծված «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգող խորհուրդը», որը գլխավորել է Թուրքիայի այն ժամանակվա փոխվարչապետ, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին։
Հեղինակն իր հոդվածում ներկայացնում է թվացյալ պասիվ խորհրդի ակտիվ գործունեությունը, որը Ցեղասպանությունը ժխտող միջոցառումեր է իրականցնում ոչ միայն Թուրքիայում, այլև արտասահմանում։ Ժխտողականության համատեքստում թուրք իրավապաշտպանը քննադատում է նաև հայտնի հայատյաց Դողու Փերինչեքին՝ վերջինիս նաև մեղադրելով ծայրահեղական աշխարհիկություն քարոզելու համար։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ