Հայերը քրդական կուսակցությունից պահանջում են պատգամավորական թեկնածուների ցուցակում իրենց մի քանի տեղ հատկացնել

Նոր Զարթոնք

Թուրքիայում գործող հայկական «Նոր զարթոնք» կազմակերպությունը և «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայեր» խումբը դիմել են ԺԴԿ-ի նախընտրական հարցերը համակարգող հանձնաժողովին՝ ամռանը Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորական թեկնածուների ցուցակում երկու հայի ընդգրկելու համար։ Այս մասին գրում է թուրքական «Դեմոկրատ Հաբեր» կայքը։

Հանձնաժողովը սկզբում նամակ է ստացել «Նոր զարթոնքից», որից հետո իրենց պահանջն են ներկայացրել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայեր» խմբի անդամները։

Երկու նախաձեռնություններն էլ կուսակցության պատգամավորական թեկնածուների ցուցակում մեկական հայ կնոջ և տղամարդու ընդգրկելու պահանջ են ներկայացրել։ Ընդ որում՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայեր» խումբը նամակում նշել է, թե ովքեր պետք է պայքարեն պատգամավոր դառնալու համար։ Խոսքը, մասնավորապես, ՏԻՄ վերջին ընտրությունների ժամանակ առաջադրված, սակայն բավարար ձայներ չհավաքած Քայուշ Չալըքման Գավրիլոֆի և Քենան Ենիջեի մասին է։

Նշենք, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրությունները նախանշված են հունիսի 7-ին: Արդեն հայտնի է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարող է առաջադրել ազգությամբ հայ լրագրող Մարգար Եսայանի թեկնածությունը, որը ներկայումս աշխատում է իշխանամետ «Ենի Շաֆաք» պարբերականում: Բացի դրանից՝ երեկ հայտնի դարձավ, որ ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դերիք շրջանում բնակվող փոքրաթիվ հայերից մեկը՝ 58-ամյա Զեքերիյա Սաբունջին, պաշտոնապես դիմել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը՝ որպես պատգամավորության թեկնածու գրանցվելու համար:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ