Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրի արտաբերումն օգտակար կլինի և´ Թուրքիայի, և´ Հայաստանի, և´ ԱՄՆ-ի համար. թուրք սյունակագիր

Էվրիմ Բուն

Թուրքական «Թարաֆ» պարբերականի սյունակագիր Էվրիմ Բունը իր՝ «Հայոց ցեղասպանության հարցը» հոդվածում նշել է, որ ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրի արտաբերումն օգտակար կլինի բոլորի համար։

«Ամեն տարվա ապրիլի 24-ից առաջ, երբ նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, սկսում են խոսակցություններն ԱՄՆ օրենսդիր մարմիններում այդ հարցը բարձրացնելու մասին։ Բոլորը սպասում են, թե երկրի նախագահն ինչ գնահատական կտա այդ իրադարձություններին և ինչ բառ կօգտագործի։

Հիշում եմ, թե այս մասին ինչ էր ասում մահացած ընկերս՝ Ումիթ Էնգինսոյը. «Տե´ր Աստված, երանի թե նա (ըստ երևույթին, նկատի ունի ԱՄՆ նախագահին – խմբ. )» արտասանի «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը»։ Ումիթին, իհարկե, հետաքրքրում էր թուրք-ամերիկյան հարաբերությունները։

Եվ իսկապես, կարծում եմ, որ «ցեղասպանություն» եզրի արտաբերումն օգտակար կլինի և´ Թուրքիայի, և´ Հայաստանի, և´ ԱՄՆ-ի համար։ Սրանով Սփյուռքն իրեն բավարարված կզգա, և ուրիշ ոչ մի բան տեղի չի ունենա։

15 տարի առաջ Քրդստան, Օջալան անունները, «քրդերեն կրթություն», «քրդական հեռուստաալիք» բառակապակցությունները վախենալով էին արտասանում, սակայն այժմ ամեն բան փոխվել է։ Եթե 10 տարի առաջ Աբդուլլահ Օջալանին «ահաբեկիչ» էին անվանում, ապա այսօր նա դարձել է պարոն Օջալան։ Այսօր նրա ազատությունը պահանջող մարդիկ ավելի հանգիստ են դուրս գալիս փողոցներ։

Վերադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ պետք է նշեմ, որ նույնիսկ 1-2 տարի առաջ Հայոց ցեղասպանության մասին գրելիս պարտադիր օգտագործվում էր «այսպես կոչված» բառակապակցությունը։ Արդյո՞ք դա վերացել է, չգիտեմ, բայց փաստ է, որ այժմ կարելի է հանդիպել այնպիսի դեպքերի, երբ «Հայոց ցեղասպանությունը» կիրառվում է ուղիղ ձևով։

Այս առումով վերջին 10 տարիներին Թուրքիայում ժողովրդավարական գիտակցությունը դրական տեղաշարժ է գրանցել։ Այստեղ հատկապես ակնառու է իշխանությունների դերակատարումը։ Նախագահ Էրդողանի՝ նախորդ տարվա ապրիլքսանչորսյան ուղերձը թեև փոքր, սակայն մարդկության համար շատ մեծ քայլ էր», – գրել է հեղինակը։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ