Թուրքիայում մի հայ է սպանվում, բոլորը ոտքի են կանգնում, մինչդեռ թուրք երիտասարդի սպանության մասին ոչ ոք չի խոսում. Թոլգա Ադըգյուզել

Թուրքիայի Ազգայնական օջախների Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը հայտարարել է, որ Թուրքիայում մի հայ է սպանվում, բոլորը ոտքի են կանգնում, մինչդեռ օրերս Էգեյան համալսարանում երիտասարդների միջև տեղի ունեցած բախման հետևանքով մահացած թուրք ուսանողի մասին ոչ ոք չի խոսում։ Այս մասին հաղորդում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։

«Թուրք երիտասարդի սպանության վերաբերյալ ոչ ոք չի խոսում։ Պատկան մարմինները նույնպես լռում են։ Միայն մենք ենք մեղավոր, մեղավոր ենք մեր դրոշի առաջ, արդյո՞ք մենք սիրում ենք մեր հայրենիքը։

Ոչ ոք չի ասում «մենք բոլորս Ֆըրաթ ենք», մինչդեռ Թուրքիայում մի հայ է սպանվում (ակնարկել է «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանությունը – խմբ.), բոլորը ոտքի են կանգնում։ Իսկ Ֆըրաթն ընդամենը 24 տարեկան մի թուրք երիտասարդ էր, որն ապրում էր Մուսթաֆա Քեմալի գաղափարներով։ Եվ ինչո՞ւ ոչ ոք չի խոսում նրա մասին, որտե՞ղ եք դուք բոլորդ։ Մի՞թե այդ ցավը պետք է ձեր դռները թակի, որ սկսեք խոսել այդ մասին», – ասել է թուրք ազգայնական գործիչը։

Նշենք, որ օրերս Իզմիրի Էգեյան համալսարանում «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) և Քրդստանի աշխատավորական կուսակցության երիտասարդների միջև տեղի ունեցած բախման ժամանակ տարբեր մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդ թուրք ազգայնական Ֆըրաթ Յըլմազ Չաքըրօղլուն ավելի ուշ մահացել է համալսարանի հիվանդանոցում։ Չաքըրօղլուն հանդիսանում էր ԱՇԿ-ի կցորդ Ազգայնական օջախների ղեկավար խորհրդի անդամ։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ