Հրանտ Դինքի սպանությունը կանխամտածված էր. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիա չվերթ կատարող ինքնաթիռում տված հարցազրույցում անդրադարձել է Հրանտ Դինքի սպանությանը, ինչպես նաև այս գործի շրջանակներում Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ, գյուլենական Ռամազան Աքյուրեքի ձերբակալությանը։ Այս մասին գրում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը։

Լրագրողի այն հարցին, թե ինչ է մտածում Դինքի սպանության մեջ «զուգահեռ պետության» (գյուլենականներ) դերակատարման, ինչպես նաև օրեր առաջ Անկարայում ձերբակալված և Ստամբուլ տեղափոխված Աքյուրեքի վերաբերյալ, Էրդողանը պատասխանել է. «Ես իրավաբան չեմ, ուստի այս հարցի վերաբերյալ չեմ կարող հստակ տեսակետ հայտնել։ Միայն կարող եմ ասել, որ Դինքի սպանությունը կանխամտածված էր, պատահականության արդյունքում չի եղել։ Այս գործի շրջանակներում որքան շատ կապեր ի հայտ գան, այնքան դրա լուծումն ավելի հեշտ կդառնա»։

Աքյուրեքը, որը նախորդ տարվա հոկտեմբերին կայացած հարցաքննության ժամանակ 12 անգամ օգտագործել էր «չեմ հիշում» և 15 անգամ՝ «չգիտեմ» արտահայտությունները, ձերբակալվել է Հրանտ Դինքի սպանության գործը քննող դատախազ Գյոքհալփ Քյոքչյուի որոշմամբ։

Ըստ դատախազության՝ Աքյուրեքը 2007 թվականին Տրապիզոնում պաշտոնավարելու ժամանակ որևէ քայլ չի ձեռնարկել՝ կանխելու Դինքի սպանությունը, թեև նախապես տեղեկացված է եղել սպանության նախապատրաստման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ Ստամբուլում։ 5 տարի շարունակվող կողմնակալ և բազմաթիվ քննադատությունների արժանացած դատավարությունից հետո՝ 2012 թվականի հունվարի 17-ին, հրապարակվեց առաջին դատավճիռը։ Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, որի գործը քննում էր Անչափահասների գործերով դատարանը, դատապարտվեց 21 տարի 6 ամսվա ազատազրկման։ Դինքի սպանության մասնակիցներից Յասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության առաջին գործով անմեղ է ճանաչվել, սակայն երկրորդ գործով կալանավորված է։

Այժմ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է ընթանում, որը նույնպես քննադատությունների է արժանանում: Այս ընթացքում նոր ձերբակալություններ են եղել, մասնավորապես՝ անվտանգության աշխատակիցների շրջանում, ինչը նախկին դատավարության ժամանակ շրջանցվել էր։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ