Այս տարի չենք թողնելու, որ մոռացվի ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք դիվանագետների հիշատակը. Դավութօղլու

Պաշտոնական այցով Պորտուգալիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մարտի 3-ին այցելել է 1982 թվականին «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ԱՍԱԼԱ) կողմից Լիսաբոնում սպանված Թուրքիայի դեսպանատան վարչական հարցերով կցորդ Էրքութ Աքբայի և նրա կնոջ՝ Նադիդե Աքբայի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Սպանված թուրք դիվանագետների հիշատակը հավերժացնող հուշարձաններ, ցավոք սրտի, եվրոպական այլ երկրներում չեն կառուցվել։ Իմ՝ արտգործնախարար լինելու տարիներին երկու երկրներ հանդես եկան նման լուրջ նախաձեռնությամբ. Նախ՝ Կանադայում, այնուհետև՝ Պորտուգալիայում այդպիսի հուշարձաններ կառուցվեցին, ինչը խոսում է Թուրքիայի և վերոնշյալ երկրների բարեկամական հարաբերությունների մասին։

Այս տարի, երբ նշվում է, այսպես կոչված, 1915 թվականի ցեղասպանության 100-րդ տարելիցը, չենք թողնելու, որ մոռացվի մեր դիվանագետների հիշատակը»,- ասել է Դավութօղլուն։

1982-ի հունիսի 7-ին Լիսաբոնի Օեիրաշ թաղամասում ԱՍԱԼԱ-ի մարտիկները կրակ էին բացել թուրք դիվանագետի և նրա կնոջ վրա։ Էրքութը տեղում մահացել էր, իսկ Նադիդեն ծանր վիրավորվել էր և ամիսներ շարունակ կոմայի մեջ գտնվելուց հետո մահացել։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի մայրաքաղաքում վերոնշյալ հուշահամալիրը բացվել է 2013 թվականի հունիսի 7-ին։ Իսկ ավելի վաղ՝ 2012 թվականի սեպտեմբերի 21-ին, նմանատիպ հուշարձան էր կառուցվել Կանադայի Օտտավա քաղաքում։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ