Հարկավոր է հայերի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել. Դավութօղլու

Ահմեթ Դավութօղլու

Մարտի 4-ին Նյու Յորք ժամանած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն թուրք-ամերիկյան միությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հարկավոր է հայերի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել։ Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջևում 1915 թվականի իրադարձությունների 100-ամյա տարելիցն է՝ ազգային խնդիրների շուրջ մեր հայացքների տարբերությունը պետք է մի կողմ դնել և միասին աշխատել։

Մեր մշակույթի մեջ ատելություն և վրեժի զգացում չկա։ Մենք բոլորս պետք է փորձենք բարեկամական հարաբերություններ հաստատել հայերի հետ։ Հայկական հարցի լուծման գործում մեծ ջանքեր պետք է ներդնեն ինչպես պետությունը, այնպես էլ Թուրքիայից դուրս բնակվող մեր հայրենակիցները։ Իսկ եթե մեր պետությանը վիրավորեն, ուս ուսի տված կռիվ ենք տալու»,- ասել է Դավութօղլուն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը ԱՄՆ է ժամանել Պորտուգալիայից, որտեղ մարտի 3-ին այցելել էր 1982 թվականին «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ԱՍԱԼԱ) կողմից Լիսաբոնում սպանված Թուրքիայի դեսպանատան վարչական հարցերով կցորդ Էրքութ Աքբայի և նրա կնոջ՝ Նադիդե Աքբայի հիշատակին կառուցված հուշահամալիր։ Նա ընդգծել էր, որ այս տարի, երբ հայերը պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, թուրքերն ամեն բան անելու են, որպեսզի աշխարհը հարգի իրենց դիվանագետների հիշատակը։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ