Ֆրանսիայում թուրք դեսպանի վրա նռան հյութ լցրած ֆրանսահայը ՀՅԴ-ի անդամ է

Մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքքը Աքիլի վրա նռան հյութ լցրած ցուցարարը ֆրանսահայ Թեդ Օ Գեբհենն (Tad O Gabhann) է։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Գեբհենը, որը Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ Ֆրանսիայի երիտասարդական թևը համարվող «Նոր սերունդ» խմբի անդամ է, հարձակումից հետո 48 ժամ մնացել է կալանքի տակ։

Նույն Գեբհենը 2011 թվականին հարձակվել էր Փարիզի գրքի փառատոնում թուրքական տաղավարի վրա։

Ըստ «Անադոլու»-ի՝ ֆրանսահայ ակտիվիստն իր վերջին գործողություններից հետո ֆեյսբուքյան իր օգտաէջով իսկական արշավ է սկսել Թուրքիայի դեմ։ Նա վիրավորել է «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդներ Թալեաթ և Ջեմալ փաշաներին և տեղադրել նրանց ոչնչացրած հայ վրիժառուների լուսանկարները։

Հիշեցնենք, որ մարտի 2-ին, երբ թուրք դիվանագետը ելույթ է ունեցել Փարիզի Դեկարտի անվան համալսարանում կայացած` «Թուրքիա և Եվրոպա. Ֆրանսիան և Թուրքիայում աշխարհիկությունը, բարդություններն ու վտանգները» խորագրով համաժողովի ժամանակ, ֆրանսահայ ցուցարարը մոտեցել է նրան և նռան հյութ լցրել նրա վրա։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ