Դիարբեքիրում որոշել են խորացնել հայերենի ուսուցումը

Սուր

Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր նահանգի (պատմական Աղձնիք) Սուրի քաղաքապետարանը համաձայնագիր է ստորագրել «Գործ» արհմիության հետ, որի շրջանակներում նախատեսվում է խորացնել քաղաքապետարանում հայերենի դասավանդումը:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սուրի քաղաքապետարանի և «Գործ» արհմիության միջև համաձայնագրով մի քանի կարևոր խնդիր է լուծվել: Համաձայնագրի արդյունքներով՝ այսուհետ քաղաքապետարանում աշխատող բանվորների աշխատավարձը բարձրացել է 13 տոկոսով: Բացի այդ, քննարկվել են նաև մշակութային և հասարակական հարցեր: Նոր համաձայնությամբ՝ Սուրի քաղաքապետարանը շարունակելու է հայերենի, անգլերենի, քրդերենի, ասորերենի, արաբերենի դասընթացները՝ միևնույն ժամանակ շարունակաբար բարձրացնելով դրանց որակը: Նախատեսվում է նաև վերոնշյալ լեզուների առավել խորացված դասընթացներ անցկացնել գործատուների համար:

Նշենք, որ Դիարբեքիրի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ովքեր հիմնականում քրդեր են, վերջին տարիներին ուշադրության կենտրոնում են պահում հայերին: Դիարբեքիրում հայտնվել են հայերենով ցուցանակներ, անցկացվում են հայերենի դասընթացներ, վերանորոգվում են հայկական պատմամշակութային ժառանգության նմուշները: Նման օրինակ է նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, որը վերանորոգվել է և այժմ բաց է այցելուների համար: Թեև Դիարբեքիրում Հայոց ցեղասպանությունից հետո փոքրաթիվ հայեր են մնացել, սակայն հետագա տասնամյակներին Ցեղասպանությունը վերապրածների մի մասը լքել է հայրենի տունը, և այժմ երբեմնի ծաղկուն հայաբնակ քաղաքում մի քանի հայ ընտանիք է բնակվում: Այժմ քաղաքը հիմնականում բնակեցված է քրդերով:

Հավելենք, որ Թուրքիայի քրդերը, ուշադրության կենտրոնում պահելով հայերի խնդիրները, հաճախ փորձում են պաշտոնական Անկարայի դեմ ինքնուրույն քաղաքականություն վարել: Քրդական տարբեր քաղաքական շրջանակներ Հայոց ցեղասպանության հարցը որպես լծակ են օգտագործում թուրքական պետության դեմ իրենց քաղաքականությունը կառուցելիս:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ