«100-ամյակը» բարձրացնում է Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավոր ունենալու հավանականությունը. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Թուրքիայում պատրաստվում են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին: Քաղաքական եռուզեռում Թուրքիայում գործող քաղաքական ուժերը չեն մոռանում նաև հայերին և´ որպես ընտրազանգված, և´ որպես պատգամավորության հնարավոր թեկնածուներ: Ընդ որում, այս տարի հայ թեկնածուների առաջադրումը ոչ միայն ներքաղաքական խնդիրներ է լուծում, այլ նաև արտաքին քաղաքականության կարևոր դրույթներ է պարունակում:

Այժմ ամենի մասին ավելի մանրամասն:

Վերջին տարիներին Թուրքիայում, կարծես նորաձև է դարձել ընտրություններին հայ թեկնածուների ներգրավվումը: Ճիշտ է, առայժմ հայ թեկնածուներն առանձնակի հաջողություններ չեն գրանցում: Սակայն, արդի քաղաքական ընթացքը և ցեղասպանության 100-ամյակի գործոնը զգալի բարձրացնում են թուրքական մեջլիսում աթոռ ունենալու համար պայքարող հայ թեկնածուների հնարավորությունները:

Հայ թեկնածուներ կարող են լինել ինչպես իշխող «Արդարություն և զարգացում», այնպես էլ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» և քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցություններից: Այժմ ըստ մամուլի հրապարակումների՝ հաշվվում է առնվազն 8 հայ թեկնածու կամ ավելի ճիշտ` «թեկնածության թեկնածու» (հետայսու` նաև ուղղակի թեկնածու): «Թեկնածության թեկնածուները» նրանք են, ովքեր ապրիլ ամսին իրենց կուսակցությունների որոշմամբ կարող են պատգամավորության թեկնածու դառնալ և մասնակցել ընտրություններին, իսկ առայժմ նրանք միայն թեկնածության հայտը ներկայացրած անձինք են:

Սկսենք իշխող կուսակցությունից: Ըստ թուրքական և հայկական լրատվամիջոցների՝ ԱԶԿ-ի ցուցակներում Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրությունների համար պայքարելու դիմում է ներկայացրել 2 հայ թեկնածու: Լավագույն հնարավորություններով հայ «թեկնածության թեկնածուն» Մարգար Եսայանն է: Եսայանը Թուրքիայում հայտնի վերլուծաբան և գրող է, ում անունը տարբեր շրջանակներում բավական շատ է հնչում: Հայ թեկնածուն աչքի է ընկնում ընդգծված իշխանամետ կեցվածքով, իսկ այժմ սյունակներ է գրում էրդողանական «Ենի Շաֆաք» պարբերականի համար: Պետք է նշել նաև, որ թեկնածու դառնալու հայտից հետո վերջինս զգալի ավելացրել է պրոիշխանական բովանդակությունն իր հոդվածներում: Այս ամենը, իհարկե, խոսում է հայ թեկնածուի հնարավորությունների օգտին, սակայն նրա հնարավորությունները զգալի ավելացնում է մեկ այլ կարևոր գործոն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 100-ամյակին պաշտոնական Անկարան հայկական ճակատում իր հերթական քայլը կարող է կատարել՝ այս անգամ փորձելով խորհրդարանում ապահովել հայ պատգամավորի ներկայությունը, ինչը լավ առիթ կհանդիսանա Թուրքիայի՝ միջազգային ասպարեզում դրական փոփոխությունների թմբկահարման համար: Այսպիսով, կարելի է ասել, որ Եսայանն ունի «նոր Մահչուփյան» դառնալու լավ հնարավորություններ: 2014-ին Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն իշխանամետ կեցվածքով աչքի ընկնող գրող, վերլուծաբան Էթիեն Մահչուփյանին նշանակեց իր գլխավոր խորհրդական, իսկ նշանակումից հետո այս մասին բարձրաձայնելը դարձավ Անկարայի ամենօրյա գործը: Այս ամենը հստակ ցույց էր տալիս, որ Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականի նշանակումը լուծելու է քարոզչական ու արտաքին քաղաքական խնդիրներ: Եվ այժմ ինչո՞ւ չկիրառել փորձված մեթոդը, այն է՝ տասնամյակներ անց Թուրքիայի 550 հոգանոց խորհրդարանում մեկ աթոռ հատկացնել հայ թեկնածուի` դրա դիմաց ստանալով ինքնագովազդի հնարավորություններ:

Պետք է ասել, որ իշխող կուսակցության շարքերում ևս մեկ հայ «թեկնածության թեկնածու» կա, սակայն նրա հնարավորությունները զգալի փոքր են Եսայանից: Խոսքը Ստամբուլի հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի փոխտնօրեն Հերման Բալիյանի թեկնածության մասին է։ Վերջինս Թուրքիայի լայն շրջանակների համար այնքան էլ հայտնի անուն չէ:

Հայ պատգամավոր կարող է հայտնվել Թուրքիայի խորհրդարանում նաև առանց Անկարայի անմիջական միջամտության և քաղաքական հաշվարկների: Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, որտեղ հայերը որոշակի դերակատարում ունեն, նույնպես կարող է հայ թեկնածուներ առաջադրել: Սակայն, ԺԴԿ կազմում հայ պատգամավոր ունենալը բարդ խնդիր է, քանի որ այս քաղաքական ուժը, նախևառաջ, պայքարելու է խորհրդարանի 10 տոկոսանոց անցողիկ շեմը հաղթահարելու համար: Իսկ անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում էլ դժվար թե փոքրամասնություններից կազմված ընտրազանգված ունեցող այս քաղաքական ուժը շատ պատգամավորական մանդատներ ունենա, ուստի, այս դեպքում հարց է առաջանում, թե արդյոք այդ աթոռներից բաժին կհասնեն նաև հայ թեկնածուներին: Իսկ այս կուսակցությունից մեզ հայտնի «թեկնածության թեկնածուները» չորսն են` ԺԴԿ-ի կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Գարո Պալյանը, որը միևնույն ժամանակ, Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական նախակրթարանի տնօրենն է, Սասունի շրջանի Աջար գյուղի հայկական միության նախագահ և Մուշի հայկական միության երկրորդ նախագահ, ուսուցիչ Ֆիքրի Չալըշը, նախորդ ՏԻՄ ընտրություններին ԺԴԿ-ից մասնակցած Նվարդ Բաքըրջըօղլուն, Մարդին նահանգի Դերիկ շրջանի բնակիչ Զաքարիա Սաբունջուն։ Հարկ է նշել, որ հենց այս կուսակցության անդամ հայերը, այլ հայկական շրջանակներ արդեն իսկ ԺԴԿ-ի ղեկավարությունից պահանջում են պարտադիր երկու հայ թեկնածու ունենալ՝ մեկ տղամարդ և մեկ կին:

Հայ թեկնածուներով մրցավազքից հետ չի մնում նաև ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը: Իր էությամբ ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի նկատմամբ ոչ բարյացկամ այս քաղաքական ուժի կազմում մեկ հայ թեկնածու կա՝ կաթոլիկ համայնքը ներկայացնող Թալին Գազերը, որը միակ կինն է հայ թեկնածուների շրջանում: Ստամբուլի «Սուրբ Հակոբ» հիվանդանոցի հանրային կապերի պատասխանատու, կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի մամուլի խոսնակի հնարավորություններն այնքան էլ բարձր չեն: Այստեղ պետք է հաշվի առնել, որ կաթոլիկ հայերի ձայները մեծաթիվ չեն, իսկ քեմալական ուղղվածության կուսակցության գաղափարախոսությունը մեծ հաշվով մերժում է ազգային փոքրամասնությունների գոյությունը:

Այսպիսով, պետք է արձանագրել, որ 2015-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածու ունենալու հնարավորությունը բավական մեծ է: Այս տեսանկյունից ուշադրության կենտրոնում են ԱԶԿ-ն ու ԺԴԿ-ն:

Հնարավոր է նաև մեկից ավելի հայ պատգամավորների ներկայությունը խորհրդարանում՝ հաշվի առնելով իշխող ԱԶԿ-ի քաղաքականությունը և ԺԴԿ-ի հնարավոր հաջողությունը:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ