Դավութօղլուն դժգոհ է ընդդիմադիրներից՝ «Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին Թուրքիայի դեմ քայլերի համար»

Ահմեթ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն իր ղեկավարած քաղաքական ուժի ժողովի ժամանակ անդրադարձ է կատարել նաև Հայոց ցեղասպանության թեմային:

Մարտի 17-ին կայացած հանդիպման ժամանակ Դավութօղլուն քննադատել է ընդդիմադիր կուսակցություններին՝ «Ցեղասպանության 100-րդ տարելիցին տարբեր պետություններում դավաճանական գործողություններ իրականացնելու համար»՝ տեղեկացնում է թուրքական ԻՀԱ գործակալությունը:

«Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը, տարբեր ընդդիմադիր ուժեր կարևորագույն այս օրերին, երբ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակն է, երբ, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դեմ խոշոր արշավներ են իրագործվում, տարբեր երկրներում Թուրքիայի դեմ են հանդես գալիս: Այս ամենը նաև «զուգահեռ ավազակախմբի» (գյուլենականների-խմբ.) երազանքների թվում է»,- իր ելույթում նշել է Թուրքիայի վարչապետը:

Նշենք, որ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենն իր գլխավորած և իր անունը կրող հզոր կրոնական/հասարակական շարժումով Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալու հիմնական աջակիցներից է եղել, սակայն վերջին տարիներին Գյուլենի և Էրդողանի միջև ի հայտ եկած տարաձայնությունների պատճառով նախկին դաշնակիցները վերածվել են կատաղի հակառակորդների։

Շատ է խոսվում այն մասին, որ նախորդ տարիներին թուրքական իշխանությունները գյուլենականների միջոցով ակտիվ հակահայ լոբբինգ են իրականացրել ԱՄՆ-ում:

Վերջին շրջանում թուրքական պաշտոնական շրջանակները հաճախ գյուլենական շարժմանը մեղադրում են ԱՄՆ-ում հայկական լոբբիին աջակցելու և Ցեղասպանության հարցում Թուրքիայի դեմ գործելու համար: Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի վարչապետը, փոխվարչապետը, արտգործնախարարը: Թուրքական իշխանական լրատվամիջոցներում վերջին շրջանում նաև հայկական լոբբինգի և Գյուլենի շարժման միջև «համագործակցության» վերաբերյալ ոչ արժանահավատ տեղեկություններ են շրջանառվում:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ