Օգյուն Սամասթի հայրը կարծում է, որ ինքը Դինքի ընտանիքից հետո ամենաշատ տուժած մարդն է

«Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի հայրը հայտարարել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սպանության կազմակերպիչներից պահանջում է փոխհատուցել այն գումարը, որը ՆԳՆ-ն 2012 թվականին դատարանի որոշմամբ վճարել է Դինքի ընտանիքին: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերթյուրք» կայքը։

Ահմեթ Սամասթը նշել է, որ «խորքային պետությունը», օգտագործելով իր որդուն, ստիպել է կատարել այդ սպանությունը, ինչպես նաև մեղադրել թուրքական պետությանը՝ իր պարտականությունները չիրականացնելու համար, քանի որ ըստ նրա՝ հենց պետությունը պետք է կանխեր այդ սպանությունը։

Խոսելով ՆԳՆ-ի պահանջած 1 միլիոն 659 հազար լիրա (638 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցման մասին՝ ավագ Սամասթը ասել է. «Դինքից և նրա ընտանիքից հետո ամենաշատ տուժած մարդը ես եմ»։

2008 թվականին Դինքի ընտանիքը դատի էր տվել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը՝ սպանությունը չկանխելու համար պահանջելով դրամական փոխհատուցում։ 2012 թվականի դատարանի որոշմամբ՝ ՆԳՆ-ն պարտավորվել էր 1 միլիոն 659 հազար լիրա փոխհատուցում հատկացնել Դինքի ընտանիքին, որից հետո նախարարությունը դիմել էր դատարան՝ փոխհատուցման գումարը պահանջելով Դինքի սպանության կազմակերպիչներից։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում։ 5 տարի շարունակվող կողմնակալ և բազմաթիվ քննադատությունների արժանացած դատավարությունից հետո` 2012 թվականի հունվարի 17-ին, հրապարակվեց առաջին դատավճիռը։ Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, որի գործը քննում էր Անչափահասների գործերով դատարանը, դատապարտվեց 21 տարի 6 ամիս ազատազրկման։ Դինքի սպանության մասնակիցներից Յասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության առաջին գործով անմեղ է ճանաչվել, սակայն երկրորդ գործով կալանավորված է։

Այժմ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է ընթանում, որը նույնպես քննադատությունների է արժանանում: Այս ընթացքում նոր ձերբակալություններ են եղել, մասնավորապես՝ անվտանգության աշխատակիցների շրջանում, ինչը նախկին դատավարության ժամանակ շրջանցվել էր։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ