Անկարան մի շարք կարևոր որոշումներ կայացնելու համար սպասում է ապրիլի 24-ին Վաշինգտոնի քայլերին. «Հյուրիյեթ»

Թուրք հոդվածագիր Թոլգա Թանըշը, ով հոդվածներ է պատրաստում թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի համար, իր հերթական հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` նշելով Թուրքիայի համար այս տարվա կարևոր ամսաթվերը:

Հեղինակը նշում է, որ Թուրքիայի համար այս տարի 4 կարևոր օր կա, որոնցից մեկն էլ ապրիլի 24-ն է:

Ըստ Թանըշի` թուրքական իշխանություններ մի շարք որոշումների հրապարակումը որոշել են թողնել ապրիլի 24-ից հետո, ինչը գերազանցապես կապված է Հայոց ցեղասպանության հարցում Միացյալ Նահանգների քայլերի հետ:

«Օրինակ, Թուրքիայում որոշել են մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության մրցույթի հաղթողի անունը հրապարակել միայն ապրիլի 24-ից: Նման կերպ հետաձգվել է նաև Մոսուլում համատեղ գործողություն իրականացնելու վերաբերյալ Անկարայի որոշումը: Այս ամենը կապված է Հայոց ցեղասպանության պնդումների (Հայոց ցեղասպանության-խմբ.) հետ, և Թուրքիան սպասում է, թե ապրիլի 24-ին Վաշինգտոնն ինչպես կարձագանքի»,-գրում է հեղինակն ու հավելում. «Անկարայի այս պահվածքը կարելի է այսպես բնորոշել` «նախ դուք (ամերիկյան կողմը-խմբ.) ցեղասպանություն մի ասեք, հետո արդեն կտեսնենք»:

Հեղինակը նաև հավելում է, թե թեմայի շուրջ զրուցել է Դավիթ Շահնազարյանի հետ, ով հաղորդել է, թե «Հայաստանում չեն սպասում, որ Օբաման կարտասանի ցեղասպանություն եզրը կամ ԱՄՆ-ն Հայաստան բարձրաստիճան պատվիրակություն կուղարկի»:

Հիշեցնենք, որ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը, հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային, դեռ փետրվար ամսին նշում էր, թե մեծ հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի մրցույթի արդյունքների համար պաշտոնական Անկարան որոշել է սպասել ապրիլի 24-ին:

Մրցույթին մասնակցում են չինական, ֆրանսիական և ամերիկյան ընկերություններ: Հենց վերջին երկու պետության մասնակիցների համար էլ թուրքական կողմը որոշել է սպասել: Անանուն պաշտոնյան տեղեկացնում է, թե Թուրքիան որոշել է սպասել՝ տեսնելու մրցույթին մասնակցող պետությունների՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված արձագանքը: Նույն պաշտոնյան նաև նշել է, որ Թուրքիան իր ընտրությունը կարող է կապել Հայոց ցեղասպանության հարցում տվյալ պետության դիրքորոշման հետ:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության հանձնաժողովի նիստի արդյունքներով հերթական անգամ հետաձգել է երկրի համար մեծ նշանակություն ներկայացնող մեծ և միջին հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի մրցույթը, որի արդյունքների վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվում 2013 թվականից: Թուրքիան չունի մեծ հեռահարության սեփական ՀՕՊ համակարգը, և այն ձեռքբերելու միջազգային մրցույթ է հայտարարել: 2013 թվականի սեպտեմբերին ՀՕՊ համակարգի մրցույթում հաղթող էր ճանաչվել չինական կողմը (HQ-9 համակարգերով), սակայն Թուրքիան չի շտապում պայմանագիր կնքել՝ հնարավորություն տալով մրցույթի մյուս մասնակիցներին շարունակել պայքարը։ 3-4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի համար պայքարում են նաև ամերիկյան Patriot PAC3 և ֆրանս-իտալական Samp T համակարգերը: Վերջնական որոշում կայացնելու վերաբերյալ ժամկետներ թուրքական կողմը չի հրապարակել:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ