Թուրքական լոբբիստական կազմակերպությունն Օբամային «հայերի աքսորի» քարտեզ կներկայացնի

Թուրքական «Բուգյուն» թերթը, որը հայտնի է որպես Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցների պարբերական, անդրադարձ է կատարել ԱՄՆ-ում բնակվող թուրք ընտանիքին, որը հարստություն կուտակելուց հետո պայքար է սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

Փերիհան Չաքըրօղլուի հոդվածում խոսվում է Յալչըն և Սերփիր Այասլըների մասին: Զույգը 70-ականներին Թուրքիայից Միացյալ Նահանգներ է գաղթել, որտեղ ամուսինները շարունակել են կրթությունը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Հետագա տարիներին սեփական էլեկտրոնային սարքերի ընկերությունն են (Hittle Microwave) հիմնել, որն էլ վաճառել են 2 մլրդ ամերիկյան դոլարով:

Ավելի ուշ հիմնել են «Ամերիկայի թուրքական դաշինք» (TCA) հիմնադրամը, որը լոբբիստական կազմակերպություն է և ծառայում է Թուրքիայի շահերի համար: Հիմնադրամի նախագահ է նշանակվել ամերիկացի ուսումնասիրող Լինքոլն ՄաքՔարդին, ով Հայոց ցեղասպանությունը ժխտող գիտնականներից է:

«Հայկական հարցի 100-րդ տարին է մոտենում: Ապրիլը ճգնաժամային շրջան է: Հայկական լոբբինգը փորձում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր անցկացնել Կոնգրեսում: Ապրիլի 24-ին պատրաստվում է նաև հիմնադրամը: ՄաքՔարդիի գլխավորությամբ թիմ է հավաքվել, որոնք պատրաստել են «գաղթի քարտեզ»:

Քարտեզում տեղ են գտել Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի և թուրքերի տեղաշարժերը»,- նշում է հոդվածագիրը և հայտնում, որ քարտեզը փոխանցվելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ամերիկացի այլ պաշտոնյաների:

«Քարտեզում ցույց է տրվում, որ թեև հայերը բռնագաղթի են ենթարկվել, սակայն թուրքերը ևս աքսորվել են Բալկաններից և Փոքր Ասիա տեղափոխվել»,- հավելում է Չաքըրօղլուն:

Նշենք, որ թուրքական ժխտողականության դրսևորումներից մեկն էլ Հայոց ցեղասպանությունը որպես «աքսոր» բնորոշելն է:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ