Անկարայի քաղաքապետը դատի է տվել լրագրող Հայկո Բաղդատին՝ իրեն հայ անվանելու համար

Հայկո Բաղդադ

Անկարայի քաղաքապետ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մելիհ Գյոքչեքը դատական հայց է ներկայացրել Թուրքիայում հայտնի հայ հասարակական գործիչ, լրագրող Հայկո Բաղդատի դեմ, որը 2014 թվականի մարտին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո կատակով իրեն հայ էր անվանել։ Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։

Այն բանից հետո, երբ Գյոքչեքը դարձավ Անկարայի քաղաքապետ, Բաղդատը թվիթերյան իր միկրոբլոգում հետևյալ գրառումն էր կատարել. «Սա պաշտոնական է. նրանք մայրաքաղաքը հանձնել են հայի։ Ինչ ամոթ է»։

Այժմ Գյոքչեքը դիմել է դատարան՝ պնդելով, որ իրեն հայ անվանելով՝ վիրավորել են։ Քաղաքապետը 10 հազար լիրա է պահանջում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

«Ժողովրդի կողմից այդքան սիրված ու հարգված մարդու մասին գարշանք պարունակող իմաստով բառ ասելը պարզապես անձնական վիրավորանք է», – նշվում է Գյոքչեքի փաստաբանի հայտարարության մեջ։

Հայկո Բաղդատն արդեն արձագանքել է քաղաքապետի այս քայլին՝ թվիթերում անելով սույն գրառումը. «Մելիհ Գյոքչեքն իմ դեմ հայց է ներկայացրել և 10 հազար լիրա է պահանջում իրեն հայ անվանելու համար։ Մենք պատրաստվում ենք մի լավ զվարճանալ»։

Հավելենք, որ Բաղդատը սոցիալական ցանցերում կատարած գրառումներում օգտագործում է #melihgökçekermeniymiş (Մելիհ Գյոքչեքը հայ է) հեշթեգը։

Հիշեցնենք, որ վերջերս Մելիհ Գյոքչեքը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել, որում քննադատել էր մարտի 12-ին Ծիծեռնակաբերդ այցելած Գերմանիայի կանաչների կուսակցության՝ ծագումով թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրին։ Անկարայի քաղաքապետը, մասնավորապես, գրել էր. «Գերմանիայի կանաչների կուսակցության ղեկավարին հարց ունեմ։ Խնդրում եմ, պատասխանի´ր, Ջե´մ Օզդեմիր, դու արմատներով հա՞յ ես»։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.amuf

Մեկնաբանություններ