Ստամբուլում հայկական արմատներով կինը սպառնալիքներ է ստանում, ոստիկանությունն էլ հետապնդում է նրա ընտանիքին

Ստամբուլում բնակվող, հայկական և հունական արմատներ ունեցող Լիդիա Պասկալիդիսը դիմել է դատարան՝ իր նկատմամբ բռնություններ ու սպառնալիքներ կիրառելու փաստի հիման վրա: Այս մասին Պասկալիդիսը նշել է Թուրքիայի մարդու իրավունքների միության կողմից կազմակերպված ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է թուրքական «Դեմոքրաթհաբեր» լրատվակայքը:

Պասկալիդիսը նշել է, որ Ստամբուլի Շիշլի շրջանի անվտանգության վարչության (ոստիկանության) և այլ իրավապահ մարմինների է դիմել՝ իր և իր ընտանիքի հասցեին անանուն սպառնալիքներ ստանալու համար, սակայն պետական մարմինները որևէ կերպ չեն արձագանքել կնոջ դիմումներին, իսկ սպառնալիքները շարունակվել են:

Բացի այդ, կինը նշել է, որ ոստիկանությունից դիմելուց հետո ոչ միայն խնդիրները չեն պակասել, այլ նորեր են ավելացել: Մասնավորապես, ոստիկանության հանդերձանքով կամ քաղաքացիական հագուստով անձինք սկսել են հաճախ իրենց տուն այցելել: Վերջիններս, ամեն անգամ անհանգստացնելով ընտանիքին, նշել են, թե ժամանել են սպանության, ռումբի մասին տեղեկությունների հիման վրա, ինչից հետո տանը խուզարկումներ են իրականացրել: Իհարկե, իրականում որևէ սպանության դեպք չի եղել կամ ռումբ չի հայտնաբերվել:

Պասկալիդիսը նշել է, որ սպառնալիքները հատկապես մեծ թիվ են կազմել 2007 թվականին՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո: Ընտանիքը ստիպված վաճառել է բնակարանը, ապա տեղափոխվել այլ վայր, սակայն, ըստ կնոջ, իրավիճակը միայն ավելի վատթար է դարձել: Նա նշում է, որ անգամ իր 15-ամյա աղջկան անհիմն հրավիրել են ոստիկանություն, ապա նաև դատախազություն:

Պասկալիդիսը նաև հավելել է, որ Ստամբուլում բնակվող ազգային փոքրամասնությունների այլ ներկայացուցիչներ ևս բախվում են նման խնդիրների հետ, սակայն չեն կարողանում բարձրաձայնել այդ մասին: Կինը նշել է, որ դիմել է դատարան՝ առկա խնդիրները լուծել փորձելու համար:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ