Այդ ինչպե՞ս եղավ, որ այս հողերի բնիկ ժողովրդի անունը վիրավորական դարձավ. Օրհան Քեմալ Ջենգիզը՝ Անկարայի քաղաքապետին

Ջենգիզ

Թուրք հայտնի հոդվածագիր Օրհան Քեմալ Ջենգիզը «Բուգյուն» թերթի իր սյունակում խիստ քննադատության է ենթարկել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին, ով դատական հայց է ներկայացրել հայ լրագրող, գրող Հայկո Բաղդատի դեմ՝ իրեն հայ անվանելու համար: Թուրք քաղաքապետն իրեն հայ անվանելը համարել էր «վիրավորական» և «գարշանք առաջացնող», ինչն էլ իր «Ատելի հայը» հոդվածում քննադատել է Ջենգիզը:

«Եթե Բեռլինի քաղաքապետն իրեն «թուրք» անվանելու համար թվիթերյան մի օգտատերի դեմ դատական հայց ներկայացներ, եթե հայցում նշվեր, թե «թուրք բառը Գերմանիայում զզվանք արտահայտող իմաստ ունի», ապա Թուրքիայում ապրող թուրքերն իրենց ինչպե՞ս կզգային, իսկ Գերմանիայում ապրող թուրքերն իրենց ինչպե՞ս կզգային…»,- իր հոդվածն այսպես է սկսում Ջենգիզը և հավելում. «Ահա այդ զգացումներն էլ մեր երկրում ապրող հայերն են զգում»:

Ստեղծված իրավիճակը ներկայացնելուց հետո Ջենգիզը շարունակում է. «Հայկո Բաղդատն իր գրառումով կարծես հայելի է պահում Գյոքչեքի դիմաց, ով օրեր առաջ Գերմանիայի ձախերի ղեկավարներից, ազգությամբ թուրք Ջեմ Օզդմերին էր «Թվիթերում» հեգնական հարցրել, թե նա «հայկական արմատներ ունի՞»:

«Այն, ինչ եղավ հետո, միայն Թուրքիայում է հնարավոր: Եթե Գերմանիայում այնպես իրենց պահեին, ինչպես Գյոքչեքը, ով իրեն հայ բառով «վիրավորելու» համար դատի է տալիս, ապա անմիջապես աշխատանքից հեռանալու դիմում պետք է գրեին»:

«Թուրքիայում ազգայնամոլությունը, այլատյացությունն ու ռասիզմը երբեք էլ ամոթալի բաներ չեն համարվել…»,-գրում է հեղինակն ու հավելում. «Մոտենում է ապրիլի 24-ը, 1915-ին և դրանից հետո իրադարձություններին առերեսվելու անհրաժեշտությունը մի՞թե ավելի լավ կարելի է հիմնավորել, քան Գյոքչեքի արարքներն են: Ինչպես եղավ, որ միլիոններով հաշվող մի ժողովուրդ այս հողերում ոչնչացա՞վ: Այդ մարդկանց ունեցվածքը, գույքն ի՞նչ եղավ: Դրանց հիման վրա ո՞վքեր հարստացան:

Ինչպե՞ս եղավ, որ այս հողերի բնիկ ժողովրդի անունը դարձավ վիրավորական: Ինչպե՞ս եղավ, որ մոռացան դարեր շարունակ կողք կողքի ապրած քրիստոնյա ժողովուրդներին, իսկ հիմա վերջիններիս հիշում են նվաստացացուցիչ, ռասիստական արտահայտություններով: Անկեղծ, այս ամենն ինչպե՞ս եղավ»,-գրում է Չանդարը:

Հիշեցնենք, որ Անկարայի քաղաքապետ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մելիհ Գյոքչեքը դատական հայց էր ներկայացրել Թուրքիայում հայտնի հայ հասարակական գործիչ, լրագրող Հայկո Բաղդատի դեմ, ով «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել էր. «Սա պաշտոնական է. նրանք մայրաքաղաքը հանձնել են հայի։ Ինչ ամոթ է»։

Այժմ Գյոքչեքը դիմել է դատարան՝ պնդելով, որ իրեն հայ անվանելով՝ վիրավորել են։ Քաղաքապետը 10 հազար լիրա (շուրջ 4000 ԱՄՆ դոլար) է պահանջում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

«Ժողովրդի կողմից այդքան սիրված ու հարգված մարդու մասին գարշանք պարունակող իմաստով բառ ասելը պարզապես անձնական վիրավորանք է», – նշվում է Գյոքչեքի փաստաբանի հայտարարության մեջ։

Հայկո Բաղդատն արդեն արձագանքել է քաղաքապետի այս քայլին՝ «Թվիթերում» անելով հետևյալ գրառումը. «Մելիհ Գյոքչեքն իմ դեմ հայց է ներկայացրել և 10 հազար լիրա է պահանջում իրեն հայ անվանելու համար։ Մենք պատրաստվում ենք մի լավ զվարճանալ»։

Հավելենք, որ Բաղդատը սոցիալական ցանցերում կատարած գրառումներում օգտագործում է #melihgökçekermeniymiş (Մելիհ Գյոքչեքը հայ է) հեշթեգը։

Հիշեցնենք նաև, որ վերջերս Մելիհ Գյոքչեքը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել, որում քննադատել էր մարտի 12-ին Ծիծեռնակաբերդ այցելած Գերմանիայի կանաչների կուսակցության՝ ծագումով թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրին։ Անկարայի քաղաքապետը, մասնավորապես, գրել էր. «Գերմանիայի կանաչների կուսակցության ղեկավարին հարց ունեմ։ Խնդրում եմ, պատասխանի´ր, Ջե´մ Օզդեմիր, դու արմատներով հա՞յ ես»։ Այս խոսքերից հետո էլ Հայկո Բաղդատն արել էր վերը նշված գրառումն Անկարայի քաղաքապետի մասին:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ