Էրդողանի հակահայ հայտարարությունները` խրոնիկ հիվանդություն և մտածված քաղաքականություն. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Թուրքիայում սիրում են «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» սկզբունքը, երբ գործը հասնում է Հայոց ցեղասպանության թեմային: Դրա վառ ապացույցն է Թուրքիայի նախագահ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը, ապա դրան հետևած հայատյաց հայտարարությունները:

Անցյալ տարի ապրիլի 24-ի նախօրյակին դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Էրդողանի անունից տարածվեց հայտնի ուղերձը, որը ներկայացվում էր որպես «ցավակցություն հայերին»: Իր բոլոր բացասական կետերով, թաքնված ուղերձներով ու թուրքական ժխտողական թեզերի պաշտպանությամբ հանդերձ՝ այն որոշակի առաջ քայլ էր, իսկ միջազգային հարթակում «լուրջ զարգացում» էր ընկալվում: Եվ ահա, այս ցավակցությունից ամիսներ անց նույն Էրդողանը մի հեռուստահաղորդման ժամանակ հայտարարում է. «Ինձ ավելի վատ բաներ են ասել, ներեցեք, ինձ անգամ հայ են ասել»:

Նույն մարդու այս հայտարարությունները տարբեր հարթություններում են` «ցավակցությունից» ակնհայտ վիրավորանք, այն էլ` ուղղված մի ողջ ազգի: Թե ո՞րն է անկեղծ՝ որոշեք ինքներդ…

Այստեղ կան որոշ հանգամանքներ, որոնք էլ մեծամբ պայմանավորում են Էրդողանի վարվելակերպը, նրա հռետորաբանությունում հայկական թեմայի «ջերմաստիճանը»:

Ինչպես տեսանք, Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը նախևառաջ ուղղված էր միջազգային հարթությունում խնդիրներ լուծելուն, դրական զարգացումներ ապրող Թուրքիայի քարոզչությանը, իսկ ահա՝ «ներեցեք, ինձ հայ են ասում» հայտարարությունը մատուցվում էր ներքին լսարանին: Ինչո՞ւ: Հայերին վիրավորող խոսքերից մի քանի օր անց Թուրքիայի պատմության առաջին նախագահական ընտրություններն էին, որին մասնակցում էր Էրդողանը: Իսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում հայերին վերաբերող մեկ, երկու ոչ այնքան բարի խոսքերը թեկնածուների հարցում կողմնորոշվելու համար համոզիչ են թվում ազգայնական ընտրազանգվածի շրջանում. Թուրքիայում «հայ» բառը վիրավորանք համարողները հոծ զանգված են կազմում, իսկ ընտրությունների մեծ վարպետ Էրդողանն այդ ամենին հիանալի է տիրապետում և հարմար պահի էլ կիրառում:

Նման մի սցենար էլ մեր օրերում է կրկնվում, հանգամանքներն էլ խիստ նման են իրար: Էրդողանը հակահայ կոչեր է հնչեցնում այս տարվա հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, կարելի է ասել՝ ոչ պաշտոնական քարոզարշավի ընթացքում: Իհարկե, դե յուրե Էրդողանը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին, քանի որ նախագահ դառնալով` օրենքի պահանջով հրաժեշտ է տվել իր հիմնադրած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Սակայն Էրդողանը փաստացի շարունակում է ղեկավարել Թուրքիայի իշխող քաղաքական ուժը, որի նախագահի պաշտոնը ստանձնել է իր հավատարիմ զինակից Ահմեթ Դավութօղլուն: Էրդողանի համար կենսական նշանակություն ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ի հաջողությունը, ուստի նա անուղղակիորեն ներգրավված է նախընտրական գործընթացներին: Սա հիմք ընդունելով` ակներև է, որ առաջիկա ամիսներին ներքին լսարանի համար հայտարարություններում Էրդողանը դժվար թե համեստ լինի հակահայ հայտարարությունների հարցում:

Եվ արդեն նախանշանները տեսնում ենք` Էրդողանը մարտի 19-ին օսմանյան արխիվում հայտարարում է. «Եթե մենք մեր ժողովրդի 100-150 տարվա ցավերին նայենք, ապա հայերի պնդումներից ավելի շատ ասելու բան կունենանք, ավելի մեծ հաշիվ կպահանջենք», «Հայկական սփյուռքն աշխարհի ամեն կողմում ցեղասպանության մեղադրանքների հիման վրա արշավներով փորձում է լայն զանգվածների շրջանում Թուրքիայի դեմ թշնամանք սերմանել: Այս արշավների իմաստը պատմության այդ շրջանում հայերի կրած ցավերը կենդանի պահելը չէ, այլ մեր երկրի և ժողովրդի հանդեպ թշնամանք սերմանելը»:

Նույն այդ օրը Գալիպոլիի ճակատամարտին նվիրված մեկ այլ միջոցառման ժամանակ գրեթե կրկնելով վերը նշվածը՝ Էրդողանը հավելում է. «Հայկական լոբբիի առջև ձիգ Թուրքիա է կանգնած: Թող հայերն իմանան այդ մասին, մենք գլուխ չենք խոնարհելու»:

Ցեղասպանության հարյուրամյակի փաստն անգամ այս դեպքում Թուրքիայի ղեկավարի համար զսպող գործոն չի հանդիսանում` ցույց տալով այն, որ այսօր թուրքական իշխանությունների թիվ մեկ օրակարգային խնդիրը առաջիկա ընտրություններում հաղթանակ ապահովելն է, իսկ արդեն հետո հնարավոր կլինի գովազդել այդքան սիրված «փոփոխվող Թուրքիան»:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ