Դիարբեքիրում առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն տեղի կունենա

Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում (պատմական Աղձնիք նահանգ, Տիգրանակերտ) առաջին անգամ տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնում է քրդական Rudaw կայքը։

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի, Թուրքիայի մարդու իրավունքների միության՝ Դիարբեքիրի մասնաճյուղի և Լոնդոնի Կոմիտասի անվան ինստիտուտի կողմից Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվելու։

Ապրիլի 23-ին կայանալիք ոգեկոչման արարողությանը մասնակցելու և հայ երաժիշտների ու կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները կատարելու համար Դիարբեքիր է ժամանելու աշխարհահռչակ հայ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ օրեր աջառ հայտնի դարձավ, որ Պոլսո հայոց պատրիարքարանը չի միանալու Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում բոլոր հայկական և քրիստոնյա մի շարք այլ եկեղեցիներում ապրիլի 23-ին զանգեր հնչեցնելու նախաձեռնությանը։ Թեև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ապրիլի 24-ին պատարագ է մատուցելու, սակայն չի միանալու ապրիլի 23-ին նախատեսված միջոցառումներին։ Ընդ որում՝ դրանից մեկ օր առաջ՝ ապրիլի 22-ին, Դարդանելի ճակատամարտում զոհված հայ զինվորների հիշատակին հոգեհանգստի արարողակարգ է մատուցելու։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ