Ա՛յ հայ եմ ասել, իսկական օսմանցու թոռ. Անկարայի քաղաքապետը գովաբանել է Էթիեն Մահչուփյանին

Էթյեն Մահչուպյան

Անկարայի քաղաքապետ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մելիհ Գյոքչեքը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ գովաբանելով Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթիեն Մահչուփյանին, որը հայտարարել է, թե «իրեն ավելի շատ օսմանցի է զգում, քան հայ»:

«Այ հայ եմ ասել։ Կողք կողքի օսմանցիների իսկական թոռն է», – գրել է Գյոքչեքը։

Հիշեցնենք, որ օրերս Բելգիայի Գենտ քաղաքում անցկացված «Նոր Թուրքիա» խորագրով սեմինարի ժամանակ Մահչուփյանը հայտարարել է, որ ինքն իրեն ավելի շատ օսմանցի է զգում, քան հայ։

«Էական չէ՝ հայերն ինձ «դավաճան» կանվանեն, թե ոչ։ Ի վերջո, հայերի մեջ տարբեր տեսակի հայացքներ ունեցող մարդիկ կան։ Շատ հավանական է, որ այդպես արտահայտվող հայեր կլինեն, բայց դա որևէ նշանակություն չունի։

Հայ լինելս ապացուցելու կարիք չունեմ։ Ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում, քան հայ։ Թե´ Օսմանյան կայսրությունում, և թե´ դրանից առաջ՝ բյուզանդական շրջանում այս հողերում ենք ապրել ու մեր մշակույթը ստեղծել։ Ըստ իս՝ դա է ամենակարևորը։ Ցավոք, վերջին 10 տարում հայերն իրենց ավելի քիչ ազատ են զգում Թուրքիայում», – ասել է Մահչուփյանը։

Ինչ վերաբերում է Մելիհ Գյոքչեքին, վերջինս թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել, որում քննադատել էր մարտի 12-ին Ծիծեռնակաբերդ այցելած Գերմանիայի կանաչների կուսակցության՝ ծագումով թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրին։ Անկարայի քաղաքապետը, մասնավորապես, գրել էր. «Գերմանիայի կանաչների կուսակցության ղեկավարին հարց ունեմ։ Խնդրում եմ, պատասխանի´ր, Ջե´մ Օզդեմիր, դու արմատներով հա՞յ ես»։ Այս խոսքերից հետո էլ Թուրքիայում հայտնի հայ հասարակական գործիչ, լրագրող Հայկո Բաղդատն իր միկրոբլոգում Անկարայի քաղաքապետին կատակով հայ էր անվանել։ Արդյունքում Գյոքչեքը դատի է տվել Բաղդատին՝ հայտարարելով, որ հայ բառն իր համար վիրավորանք է։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ