Պոլսահայ համայնքը և նրա կեղծ առաջնորդները. Տիրան Լոքմագյոզյան

Տիրան Լոքմագյոզյան, պոլսահայ համայնքի անդամ

Աստղագուշակ լինելու կարիք չկա, որպեսզի գիտակցենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Թուրքիայի պետական ղեկավարները լուրջ պատրաստությունների մեջ են: Եվ լրիվ սպասելի էր, որ այդ «հակահարձակումները» կլինեն մի քանի ուղղություններով: Եթե դրանցից մեկը Ադրբեջանի միջոցով Ղարաբաղում լարվածության մեծացումն է, ապա մյուսն էլ «ձեռքի» կամ «գրավի» տակ գտնվող պոլսահայերն են: Մենք այդ ֆիլմը շատ ենք տեսել, անգամ կարելի է ասել` այն բազմիցս դիտել ենք պատմության ընթացքում: Ըստ էության, դա անելն առանձնապես դժվարին բան չէ, և կան դա անելու մի քանի լծակներ: Ավելին` լավ էլ ազդեցիկ միջոց է: Օրինակ, տեղյակ ենք, թե ինչպես է Թուրքիայի հայերի իրավունքները պաշտպանել ցանկացած գերմանական կողմը լռեցվել պատրիարքական առաջնորդի կողմից: Ավելին, դա նորություն չէ և կապված էլ չէ միայն պատրիարքի կամ վերջինիս ներկայացուցչի` սեփական աթոռը պահպանելու ձգտման հետ: Զարմանալի բան էլ չէ. գրավը մնում է գրավ: Իսկ երբ մյուս կողմից ենք խնդրին նայում, արդյո՞ք ամեն բան այդչափ պարզ է:

Կարող ենք մտածել, որ պատրիարքական աթոռին նստած անձը զիջումների է գնում` համայնքը պաշտպանելու մտավախությամբ: Չանաքքալեի զոհերի հիշատակին պատարագ մատուցելն իրեն թելադրված է եղել. ստիպված է անել` այլընտրանք չունի: Ստամբուլի բոլոր հայկական եկեղեցիների զանգերը 100 անգամ ղողանջելու գործն էլ դյուրին բան չէ: Եթե անգամ ինքը հրամայի էլ, դա անել խիզախող քանի՞ սրտոտ ժամկոչ կարելի է գտնել: Իսկ միակ զիջումը, որ կկարողանա կորզել, ընդամենը 100-ամյա տարելիցին նվիրված պատարագը կլինի: Սակայն ի՞նչ է արդյոք անցնում մյուսների մտքով: Ո՞ւմ են նրանք պաշտպանում: Իրականում նրանք այն անձինք են, ովքեր սեփական ամենաչնչին շահի համար անգամ կծախեն համայնքի ամենամեծ սրբությունը: Ըստ էության, խոսքը շատ չնչին շահի մասին չէ իհարկե: Այն հանգամանքը, թե ինչու են մեր որոշ եկեղեցիները վերին աստիճանի լարված բանակռիվների մեջ` ղեկավար խորհրդի ընտրությունների պատճառով, ցույց է տալիս, որ խոսքը գնում է մեծ շահերի բախման մասին: Այդ եկեղեցիների ղեկավար խորհուրդների կազմում ընդգրկվել ցանկացողների մեծ մասն էլ հաստատապես այդ պայքարի մեջ չի մտել` համայնքին ծառայելու մարմաջով: Է~հ, եթե մի տեղ որևէ քաղցր բան կա, բնականաբար այն համտեսել ուզողների թիվը մեծ է լինում: Այդպիսով, համայնքը մի կողմից մեծ ջանքեր է գործադրում` բացերը փակելու համար, իսկ մյուս կողմից մեր հաստատությունների եկամուտները հոսում են բավականին մութ հասցեատերերի գրպաններ: Դժվար է ասել` եթե մեր այդ հաստատությունների ղեկավարներն այլ անձինք լինեին, ուրիշ ընթացք կունենա՞ր այս ամենը: Սակայն կարելի է հանգիստ կերպով արձանագրել, որ ոմանք, հանուն սեփական շահի, վաճառում են անգամ իրենց պապերի արյունը: Ըստ էության, դա էլ իրենց գործն է. տատերը, պապերը կամ ընդհանրապես նախնիները տարբեր անձանց համար տարբեր արժեք են կրում, սակայն երբ տվյալ անձն իր այդ մոտեցումը ոչ միայն հրապարակում է, այլ ավելին` հանդես է գալիս մի ամբողջ համայնքի անունից, գործի բնույթը փոխվում է: Ներկա պահին պոլսահայերի մեծ մասը հասկանալի վրդովմունքի մեջ է: Որոշ թուրքական պարբերականների շնորհիվ էլ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե իբր բոլոր պոլսահայերն են այդ անձի պես մտածում: Մյուս կողմից էլ գրեթե ամբողջ համայնքը մտահոգված է, թե ինչպես կարող է իր ձայնը հասցնել համայն աշխարհին, ինչպես կարող է աղաղակել, որ ինքը մտադիր չէ հոգին 30 արծաթով ծախել, և ինչպես իր օձիքն ազատի ամբողջ համայնքի անունն արատավորել ձգտող համայնքի այդ կեղծ առաջնորդներից:

Աղբյուր՝ Akunq.net, թարգմանեց` Մելինե Անումյանը

allTurkey.am

Մեկնաբանություններ