Կիլիկյան հայկական թագավորության Անարզաբա ամրոցում հայտնաբերվել է աշխարհում առաջին երկկողմանի ճանապարհը

Կիլիկիայի հայկական թագավորության Անարզաբա քաղաքում և ամրոցում (ներկայումս Թուրքիայի տարածքում Անավարզա գյուղն է – խմբ.) կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել է աշխարհում առաջին երկկողմանի ճանապարհը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Չուքուրովայի համալսարանի դասախոս, հնագետ Ֆաթիհ Գյուլշենը հայտնել է, որ 34 մետր լայնություն և 2700 մետր երկարություն ունեցող երկկողմանի ճանապարհը համարվում է անտիկ աշխարհի առաջին և ամենամեծ պողոտան, որը հոծ գիծ է ունեցել։

«Ճանապարհը տարբեր քաղաքակրթությունների է պատկանել՝ Բյուզանդիային, Սասանյան պետությանը, Հայկական թագավորությանը և Օսմանյան կայսրությանը։ Իրականացված աշխատանքների արդյունքում հաջողվել է բացել պողոտայի 250 մետրը։ Այս պահին պեղումները շարունակվում են», – ասել է Գյուլշենը։

Նշենք, որ Անարզաբան գտնվել է Դաշտային Կիլիկիայում, Սիս քաղաքից մոտ 25 կմ հարավ-արևելք՝ Սաուրան և Սիս գետերի միջև ընկած հարթավայրում: Ամրոցը կառուցված էր մոտ 200 մ բարձրությամբ ժայռաբլրի վրա և երեք կողմից անմատչելի էր: Ամրոցի արևմտյան ստորոտին տարածվում էր բուն քաղաքը: Քաղաքն ու ամրոցը եղել են Կիլիկիայի հայկական թագավորության կենտրոններից: 1909 թվականի Ադանայի կոտորածի ժամանակ սպանվել է նաև Անարզաբայի հայ բնակչությունը։ Թուրքերը քաղաքն ու ամրոցը ներկայացնում են որպես Անավարզա:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ