Ոչ թե փոխհատուցում, այլ խաղաղություն ենք ուզում. Պետրոս Շիրինօղլու

Պետրոս Շիրինօղլու

Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, որը վայելում է թուրքական իշխանությունների համակրանքը, թուրքական «Սթար» պարբերականին տված հարցազրույցում գովեստի խոսքեր չի խնայել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հասցեին։

«Պապս նույնպես զոհվել է 1915-ի իրադարձությունների ժամանակ, բայց պետք չէ անցյալով ապրել։ Փոխհատուցում ու նմանատիպ այլ բաներ չենք ուզում, միայն խաղաղություն ենք ուզում»,- հայտարարել է ազգությամբ հայ գործիչը։

Շիրինօղլուն բարձր է գնահատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի՝ պատմաբանները պետք է որոշեն՝ արդյոք կատարվածը ցեղասպանությո՞ւն է, թե՞ ոչ։

«Պետք է այս խնդիրը կարգավորվի, չեմ ուզում, որ երկու պետությունների միջև այսպիսի հարաբերություններ լինեն։ Նախագահ Էրդողանի՝ «արխիվները բաց են» կոչը շատ իմաստալից եմ համարում։ Թող այս հարցով զբաղվեն պատմաբանները։

Եթե սահմանները բացվեն, Հայաստանը փոխհատուցումից ավելի մեծ օգուտ կարող է ստանալ. դա մեծ տնտեսական եկամուտներ է խոստանում։

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության օրոք Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների համար շատ բան դրական առումով փոխվել է։ Անգամ հայաստանցի երեխաների համար կրթություն է մտցվել։ Պետք չէ մոռանալ, որ Էրդողանի օրոք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչ է դրվել»,- ասել է Շիրինօղլուն։

Նշենք, որ հաճախ թուրքական իշխանամետ լրատվամիջոցները Պետրոս Շիրինօղլուին որպես հայ համայնքի ղեկավար կամ ներկայացուցիչ են ներկայացնում, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ