Թուրքերը բողոքում են, թե հայերի հողերը վերադարձնում են, իրենցը՝ ոչ

Թուրքիայում գյուղացիները բողոքել են, որ իրենց նախնիների հողերն անցել են պետությանը, որը չի պատրաստվում դրանք վերադարձնել իրենց: Բողոքի ժամանակ գյուղացիները նշել են, որ թուրքական կառավարությունը հող և գույք է վերադարձնում անգամ հայերին, սակայն իրենց մերժում է:

Գյուղացիները հավաքվել են Կեսարիա (Կայսերի) քաղաքի կենտրոնում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի մոտ, և ներկայացրել իրենց պահանջները: Բողոքի գործողությունը լարված է անցել, շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են հերթապահել:

Գյուղացիները, իրենց բողոքն արտահայտելով, զրուցել են լրատվամիջոցների հետ: Նրանք նշել են, թե կառավարությունը որևէ կերպ չի փորձում վերադարձնել օրինական կերպով իրենց պատկանող հողատարածքները:

«Անգամ հայերի հարյուր, երկու հարյուր տարվա գույքի իրավունքը վերադարձնում են, իսկ հազար տարի մեզ պատկանող հողը խլել են մեզանից»,- նշել է գյուղացիներից մեկը:

Նշենք, որ 2011-ին Թուրքիայի կառավարությունը ժամանակավոր որոշում է ընդունել, որը նախատեսում է անցած տասնամյակներին (Թուրքիայի հանրապետական շրջանում) պետության կողմից խլված կամ պետությանն անցած կրոնական փոքրամասնությունների գույքի վերադարձ։ Թեև այս որոշմամբ որոշակի գույք, տարածք ու շինություններ են վերադարձվել փոքրամասնություններին, սակայն նախկինում վերջիններիս պատկանած անշարժ գույքի զգալի հատվածը դեռևս կամ պետության, կամ մասնավոր հատվածի տրամադրության տակ է, իսկ վերջիններս չեն շտապում վերադարձնել այն:

Ըստ ամենայնի, թուրք գյուղացիներն այս որոշումն էլ օրինակ են բերել իրենց բողոքի գործողության ժամանակ:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ