Իզմիրում թուրքական արդյունաբերական պալատի նիստին քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը

Թուրքիայում շարունակվում է պետական ներգրավմամբ Հայոց ցեղասպանությունը ժխտող միջոցառումների անցկացումը: Թուրքական «Իհլաս» գործակալության փոխանցմամբ՝ Էգեյան շրջանի արդյունաբերական պալատի (EBSO) նախաձեռնությամբ ներկայիս Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) քաղաքում մարտի 30-ին ժողով է անցկացվել, որի հիմնական թեման եղել է Հայկական հարցը:

Միջոցառմանը հրավիրվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի Աթաթուրքի անվան ուսումնասիրությունների կենտրոնի գիտական խորհրդի անդամ Էրգյուն Այբարսը:

Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ՝ Այբարսը նշել է, թե «Հայոց ցեղասպանություն չի եղել»:

«Իսկական ցեղասպանության ենթարկվել են հրեաները: Իսկ թուրքական փաստաթղթերը ցույց են տալիս, որ նման բան (Հայոց ցեղասպանություն-խմբ.) չի եղել»,- նշել է թուրքական ռազմական շրջանակները ներկայացնող գիտնականն ու հավելել, թե «Ցեղասպանության պնդումների հետևում կապիտալիզմն է թաքնված»:

Էգեյան շրջանի արդյունաբերական պալատի ղեկավարները հանդիպմանը նշել են, որ իրենց կառույցում ստեղծվել է Հայկական հարցով զբաղվող հանձնախումբ, որը, օրինակ, «հայտարարություն է տարածել այն պետություններում, Միացյալ Նահանգների այն նահանգներում, որտեղ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»:

Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերի գիտական կառույցները համարվում են Հայոց ցեղասպանության ժխտման ամենակարկառուն ներկայացուցիչները, ինչպես նաև աչքի են ընկնում ընդգծված հակահայ կեցվածքով և ազգայնամոլ մոտեցումներով:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ