Փարիզը հյուրընկալում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն

2015 թ. ապրիլի 29-ին Փարիզի քաղաքապետարանում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրության բացում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը կգործի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 4-ը:

Փարիզի քաղաքապետարանում՝ Օթել դե Վիլի (Hôtel de Ville) միաժամանակ երկու սրահներում ցուցադրվելու են 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ցնցող դրվագները ներկայացնող թանգարանային նմուշներ ու լուսանկարներ:

«Սա հիրավի բացառիկ իրադարձություն է թանգարանի համար: Գիտակցելով նման ցուցադրությամբ Փարիզում ներկայանալու կարևորությունը, մենք որոշեցինք Ֆրանսիայի մայրաքաղաքում ներկայացնել թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները, որոնք, վստահ եմ, մեծ հետաքրքրություն են առաջացնելու: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Փարիզի քաղաքապետարանին նման հնարավորություն ընձեռելու համար, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը՝ կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար»,-նշում է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի հավաքածուից այս ցուցադրության մեջ ընդգրկված են շուրջ 150 ցուցանմուշներ, որոնցից յուրաքանչյուրը մարդկային ողբերգության այս կամ այն դրվագի մասին բացառիկ տեղեկություն են հաղորդում: Այս ցուցանմուշները, որոնց մեծ մասն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանից դուրս, ներառում են ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական իրեր, փաստաթղթեր, օրագրեր, լուսանկարներ, թերթեր, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների հանգանակության թողարկումներ և այլ բնօրինակ նյութեր են:

«Առաջին անգամն է, որ Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցանմուշների այսքան մեծ քանակությամբ միավորներ ցուցադրվելու են Հայաստանի տարածքից դուրս, որը կարևոր իրադարձություն է արտասահմանում Հայոց ցեղասպանության թեմայի իրազեկման, ինչպես նաև թանգարանի բացառիկ ցուցանմուշները լայն հանրությանը ներկայացնելու տեսակետից», – նշում է ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը:

ՀՑԹԻ կողմից ներկայացված ցուցանմուշների մեջ բացառիկ տեղ է զբաղեցնում ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն, որի բնօրինակներն առաջին անգամ ներկայացվելու են հենց Փարիզյան ցուցադրության ժամանակ: Հավաքածուում ընդգրկած են 1918 թվականին Կալիֆորնիայում Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պաստառները, լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները և այլ բացառիկ նմուշներ: Ֆիլմը 1919 թվականին ցուցադրվել է նաև Փարիզի Սալ Գավո համերգասրահում:

«1919 թ. Փարիզում ֆիլմի ցուցադրությունը գեղարվեստական մեծ ցերեկույթի մաս է կազմել, որը կազմակերպել էին հայասեր դքսուհի դը Ռոհանը և բարոնուհի Քոշենը: Ֆիլմը ցուցադրվել է բարեգործական նպատակներով, և ողջ հասույթը տրամադրվել է որբախնամ աշխատանքներին», – նշում է ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Այս ցուցադրության մեջ ներառված են նաև Փարիզի Նուբարյան գրադարանի փաստաթղթերն ու լուսանկարները:

Փարիզի ժամանակավոր ցուցադրության կազմակերպմանն իր աջակցությունն է բերել բարերար Ջևան Չելոյանցը:

Այս ցուցադրությանն առնչվող չորս գրքերի թարգմանության և տպագրության ծախսերը հոգացել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ