5 տարի առաջ սկսված Սիվրիհիսարի հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները դեռ շարունակվում են

Սիվրիհիսար

Էսքիշեհիրի նահանգապետ Ահմեթ Աթաչը Սիվրիհիսար կատարած այցելության ընթացքում եղել է նաև 1881թվականին կառուցված Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում և հետևել վերանորոգման աշխատանքներին։ Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

ԺՀԿ-ական Աթաչին ընդունել է Սիվրիհիսարի քաղաքապետ Համիդ Յուզյուգյուլյուն, որը նահանգապետին ուղեկցել է քաղաքի պատմական վայրերը՝ Հսկա մզկիթ և Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի, որն իր մեծությամբ երկրորդ հայկական վանական համալիրն է ներկայիս Թուրքիայի տարածքում։

Սուրբ Երրորդություն եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսվել են 2010 թվականի հունիսին, և ըստ ծրագրի՝ աշխատանքները պետք է ավարտված լինեին դեռևս 2012 թվականի վերջին։

Հավելենք, որ 3 տարի առաջ Սիվրիհիսար այցելած Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հույս էր հայտնել, որ վերանորոգման աշխատանքները համակարգող Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը թույլ կտա հայկական համայնքին նախկինում որպես գոմաղբի պահեստ օգտագործված այս եկեղեցում պատարագներ մատուցել։ Խնդիրն այն է, որ թուրքական իշխանությունները մտադիր են հայկական եկեղեցին վերանորոգումից հետո դարձնել թանգարան և մշակույթի կենտրոն։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ