ԱՄՆ կոնգրեսականը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ բանաձև է պատրաստել. «Սաբահ»

ամն կոնգրես

ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Քուրթ Քլոսոնը պատրաստվում է Կոնգրես ներկայացնել բանաձև, որը կոչ է անում Սպիտակ տանը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման աջակցությանն ուղղված հստակ քայլեր իրականացնել՝ տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը: Թուրքական աղբյուրը նշում է, որ կոնգրեսականի ներկայացրած բանաձևը պատմական նշանակություն ունի և բխում է Թուրքիայի շահերից:

«Առաջիկա 100 տարիներին կայուն հայ-թուրքական հարաբերություններին աջակցություն» անունը ստացած բանաձևը Քլոսոնը ներկայացրել է Կոնգրեսում իր գործընկերներին՝ հետագա աջակցություն ստանալու նպատակով:

«Հայաստանը և Թուրքիան խիստ կարևոր են ամերիկյան հետաքրքրությունների և շահերի համար: Ամերիկյան շահերը կարող են այս տարածաշրջանում իրացվել երկու պետությունների միջև խաղաղության և ըմբռնման միջոցով»,- բանաձևում նշել է ամերիկացի կոնգրեսականը, ով նաև կոչով դիմել է մյուս կոնգրեսականներին՝ առաջիկայում բանաձևին աջակցություն ցուցաբերելու համար: Նա նշել է, որ ինչպես Հայաստանը՝ իր աշխարհագրական դիրքով, այնպես էլ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, մեծ նշանակություն ունեն Միացյալ Նահանգների համար:

Որոշ թուրքական կազմակերպություններ արդեն դրական են արձագանքել Քլոսոնի նախաձեռնությանը, իսկ թուրքական լրատվամիջոցներն ակտիվորեն շրջանառում են այս տեղեկությունը:

Նշվում է, թե բանաձևի դրական կողմն այն է, որ «այն ուղղված է ապագային, ոչ թե անցյալին»:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ