Ներքաղաքական գործընթացները Թուրքիայում նախընտրական և համակարգային տեսանկյունից. Լևոն Հովսեփյան

Լևոն Հովսեփյան, թուրքագետ

Թուրքիայի ներքաղաքական կյանքում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հայտարարությամբ կառավարության ու նախագահ Էրդողանի միջև առկա յուրատեսակ հակասություններն ավելի պարզ կերպով ջրի երես ելան, ինչը ցնցեց ողջ ներքաղաքական կյանքը: Հակասությունները վերաբերում են քրդական հիմնախնդրի կարգավորման գործընթացի նկատմամբ կառավարության ու նախագահի մոտեցումներին:

Նախ, Էրդողանը կտրուկ դեմ արտահայտվեց քրդական հիմնախնդրի կարգավորման` Օջալանի և կառավարության միջև բանակցություններում Դիտորդական խումբ ստեղծելու կառավարության նախաձեռնությանը և խիստ քննադատեց քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հետ կառավարության մի քանի անդամների մասնակցությամբ անցկացված հանդիպումներին:

Դրանից հետո փոխվարչապետ Բ. Արընչը, խիստ քննադատելով Էրդողանի` կառավարության դեմ հնչեցված մոտեցումները, դրանք որակել էր որպես նախագահի կողմից միջամտություն կառավարության քայլերին: Նա Էրդողանի քննադատական մոտեցումներն անընդունելի էր համարել և կոչ էր արել նախագահին` զերծ մնալ կառավարության գործերին իր լիազորություններից դուրս միջամտություններից: Ողջ թուրքական մամուլն ու փորձագիտական շրջանակները Էրդողանին ուղղված Արընչի այդ հայտարարությունը որակեցին որպես սկանդալային:

Նախ, այս զարգացումները կարելի է դիտարկել երկու հիմնական տեսանկյունից` նախընտրական և համակարգային: Չի բացառվում, որ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին կատարված լինի դերերի բաշխում` թուրքական հասարակության համար զգայուն հիմնախնդրի նկատմամբ հասարակական ընկալումներն ավելի ուղղորդված ձևով կառավարելու համար:

Փաստորեն, ստացվում է, որ կառավարությունը Դավութօղլուի գլխավորությամբ ավելի հակված, կոմպրոմիսային է քրդական հիմնախնդրի կարգավորման և Իմրալիի (ՔԲԿ առաջնորդ Օջալանի) հետ բանակցությունների հարցում, մինչդեռ Էրդողանի դիրքորոշումն ու կեցվածքն ավելի կոշտ է: Այսինքն հնարավոր է այս համատեքստում խաղարկվում է «լավ և վատ ոստիկանի» սցենարը: Սրանով իշխող ԱԶԿ-ն կարող է նախընտրական այս շրջանում կարևոր հարց լուծել:

Էրդողանը, ընդգծելով իր կոշտ կեցվածքը քրդական հիմնախնդրի կարգավորման հարցում, շեշտադրում է կատարում առավելապես դեպի ազգայնականություն` փորձելով սիրաշահել թուրքական էլեկտորատի ազգայնական հատվածի համակրանքը, ինչը շատ կարևոր է: Իսկ կառավարությունը Դավութօղլուի գլխավորությամբ, բարի իմիջի ստեղծման միջոցով, սիրաշահել հատկապես քրդական էլեկտորատի մի հատվածին:

Համակարգային առումով հնարավոր է, որ հակասությունները նախագահի և կառավարության միջև, այդուհանդերձ, կան և դրանք կարող են խորանալ ոչ միայն քրդական հիմնախնդրի կարգավորման հարցում: Վերջին շրջանում թուրքական ԶԼՄ-ներով հաճախակի էին հայտնվում հրապարակումներ Դավութօղլու-Էրդողան հակասությունների մասին:

Հիշենք, ԱԶԿ-ի նախընտրական ցուցակների կազմման ժամանակ Էրդողանի ցուցումներն ու Դավութօղլուի անհամաձայնությունները, ցուցակների կազմման հարցում Էրդողանին միանձնյա որոշումները և ի վերջո Ազգային հետախուզական կազմակերպության տնօրեն Հ. Ֆիդանի` իր պաշտոնից հրաժարական տալու և որպես պատգամավորության թեկնածու ինքնաառաջադրվելու քայլերը, որոնք կրկին դիտարկվում էին Էրդողան-Դավութօղլու հակասությունների շղթայում: Չի բացառվում, որ Էրդողանի` թե քաղաքական կյանքում, և թե իշխող կուսակցության ներսում ավտորիտար մեթոդներն ու գործելաոճը, ժամանակի ընթացքում ի հայտ կբերեն ներկուսակցական ընդվզում, իսկ այդ պարագայում Էրդողանից դժգոհ հատվածները կարող են ինքնուրույն քաղաքական ինքնադրսևորման հայտ ներկայացնել:

Աղբյուր` Panorama.am

allTurkey.am

Մեկնաբանություններ