Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավորները (1935-1960). Ռուբեն Մելքոնյան

Ռուբեն Մելքոնյան, թուրքագետ

Օսմանյան կայսրությունում հայերը որոշակի ներգրավվածություն ունեցել են քաղաքական կյանքում և ներկայացված են եղել նաև խորհրդարանում[1], սակայն Թուրքիայի Հանրապետության ձևավորման արդեն առաջին տարիներին և հետագայում էլ հայ համայնքը քաղաքականության նկատմամբ պասիվ դիրքորոշում որդեգրեց: Սա պայմանավորված էր մի շարք հանգամանքներով. նախ Հայոց ցեղասպանությունից հետո հայ համայնքն ուներ առավելապես գոյատևման խնդիր և կազմակերպչական բոլոր ռեսուրսներն ուղղվում էին այդ խնդրի լուծմանը: Բացի այդ, քեմալական նոր իշխանությունները ծայրահեղ բացասական վերաբերմունք ունեին քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ, ինչը դրսևորվեց նաև քաղաքական կյանքում, և դրա արտացոլումներից էր նաև այն, որ 1920թ. ապրիլի 23-ին հրավիրված Թուրքիայի առաջին Ազգային մեծ ժողովում քրիստոնյաներ չկային[2]։

1930թ. Թուրքիայում միակուսակցական տոտալիտար կառավարման մեջ փորձ արվեց ժողովրդավարության իմիտիացիա ստեղծել և իշխող «Հանրապետական ժողովրդական կուսակցության» ու անձամբ նրա ղեկավար Մուսթաֆա Քեմալի նախաձեռնությամբ ստեղծվում է, այսպես կոչված, այլընտրանքային «ընդդիմադիր» կուսակցություն` «Ազատական հանրապետական կուսակցությունը»[3]։ 1930թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նորաստեղծ այս կուսակցությունը իր ցուցակում ընդգրկեց փոքրամասնությունների 13 ներկայացուցիչների Ստամբուլից, որոնցից 6-ը` հույն, 4-ը` հայ, 3-ը` հրեա։ Ուշագրավ է, որ սա դարձավ ներքաղաքական բուռն քննարկումների առարկա և իշխող ՀԺԿ-ն իր հակաքարոզչության մեջ մեծ տեղ հատկացրեց այդ հանգամանքին` էլ ավելի բորբոքելով առանց այդ էլ ազգայնամոլական տրամադրություններ ունեցող թուրքական հասարակությանը։ Մասնավորապես` ըստ իշխանությունների կողմից տարվող հակաքարոզչության, եթե «Ազատական հանրապետական կուսակցությունը» հաղթի, ապա ի հայտ է գալու Հայոց ցեղասպանությունից (իրենց բնորոշմամբ` 1915թ. հայերի տեղահանությունից) և 1923թ. հույների փոխանակումից հետո մնացած և այդ փոքրամասնություններին պատկանող լքյալ գույքերի վերադարձի հարցը[4]։ Այսինքն` Հայոց ցեղասպանության ընթացքում և դրանից հետո պետականորեն իրականացված թալանի հարցը միշտ էլ եղել և մնում է թուրքական քաղաքական վերնախավի ու հասարակության անհանգստության առարկա։

Ժամանակի թուրքական մամուլը ևս լի է եղել հակաքրիստոնեական հոդվածներով և քարոզչությամբ։ Օրինակ` թուրք հայտնի հրապարակախոս Հայդար Ռուշթուն 1930թ. սեպտեմբերի 8-ին «Անադոլու» թերթում հրապարակում է հոդված, որը վերնագրված է «Քիրքոր էֆենդին» («Պարոն Գրիգորը»), որտեղ բացահայտ ազգայնամոլական երանգներով խոսվում է Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների ունեցած դերի և դրա «դառը հետևանքների» մասին: Դրանից հետո, անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ազգային-կրոնական փոքրամասնություններին ցուցակում ընդգրկելու խնդրին, հոդվածագիրը իր մտքերը ամփոփում է հռետորական հարցի տեսքով. «Այս ո՞ւր ենք հասել»[5]։ Ի վերջո «բազմակուսակցական ժողովրդավարության» թատերական ներկայացումը ավարտվում է նրանով, որ իշխանությունները բռնի մեթոդներով շարունակում են տոտալիտար կառավարման ձևը և ազգային-կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները, բնականաբար, տեղ չեն գտնում տեղական ինքնակառավարման մարմիններում։

Թուրքիայի խորհրդարանական համակարգում ազգային-կրոնական փոքրամասնությունների ներգրավվածության առումով մակերեսային փոփոխություն է նկատվում Ազգային ժողովի 1935թ. ընտրությունների ժամանակ, երբ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը որոշում է խորհրդարանում տեսնել նաև փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Իշխող կուսակցության ցուցակին կից ձևավորվում է, այսպես կոչված, «Անկախների» ցուցակ, որում ընդգրկվում են ազգային-կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Կարևոր է նկատել, որ «Անկախների» ցուցակ ստեղծելու մեջ ևս դրսևորվեց քեմալականների վարած ծայրահեղ ազգայնամոլական քաղաքականությունն ու քարոզչությունը, քանի որ նրանց մեկնաբանմամբ այս քայլն արվել է, որպեսզի «ազգային փոքրամասնություններով չպղծեին ՀԺԿ-ի «սուրբ» ցուցակները»[6]։ «Անկախների» ցուցակով ընտրվում են ազգային-կրոնական փոքրամասնությունների չորս ներկայացուցիչ` հայ Պերճ Քերեսթեջյանը, հրեա Աբրևայա Մարմարալըն, հույն Նիկոլա Թափթասը, ուղղափառ թուրք (Քարամանլը) Իսթամաթ Զիհնի Օզդամարը[7]։

Պերճ Քերեսթեջյանը (1870-1949թթ.) ծնվել է Ստամբուլում, սովորել է նախ Գալաթասարայի լիցեյում, այնուհետև` Ռոբերտ քոլեջում: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է ֆինանսական ոլորտում` նախ Օսմանյան կայսրության ֆինանսների նախարարությունում, իսկ 1890-ից` Օսմանյան բանկում: Նրա կենսագրության և պատգամավորական մանդատ ստանալու հարցում առանձնանում են հատկապես հետևյալ դրվագները։ Այսպես, 1919թ. Քերեսթեջյանը տեղեկություն ստանալով, որ Մուսթաֆա Քեմալի (հետագայում` Աթաթուրք) դեմ հարձակում է պատրաստվում, տեղյակ է պահել վերջինիս և այդպիսով փրկել նրա կյանքը[8]։ Բացի այդ, քեմալական շարժման ժամանակ իր անձնական միջոցներից բավական մեծ գումար է հատկացրել քեմալական զորքին` ռազմամթերք գնելու համար։ Եվ վերջապես, 1923թ. Լոզանում բանակցությունների ժամանակ Քերեսթեջյանը սատարել է թուրքական պատվիրակությանը և անգլիական «Morning Post» թերթում բաց նամակ է հղել Անգլիայի արտաքին գործերի նախարար Լորդ Քուրզոնին` պահանջելով, որպեսզի անգլիացիները հրաժարվեն Թուրքիայում բնակվող հայերի հովանավորությունից[9]։ Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ Լոզանի կոնֆերանսի օրերին նույն Պերճ Քերեսթեջյանը, ով նաև 1922 թ. վերջերին Ստամբուլում հիմնված «հայ-թուրքական բարեկամության» միության պատվավոր նախագահն էր, հեռագիր է հղում Իսմեթ փաշային, որտեղ նշելով իրենց աջակցությունը թուրքական պատվիրակությանը, տեղեկացնում է, որ գալիք խորհրդարանական ընտրություններում հայերն էլ են ցանկանում մասնակցել Մուսթաֆա Քեմալի «Ազգային պաշտպանության կուսակցության» (հետագայում` «Հանրապետական-ժողովրդական կուսակցություն») ցուցակով, սակայն Անկարայի իշխանությունն այդ դիմումը անարձագանք է թողնում[10]։

Թուրքիային և նրա իշխանություններին Քերեսթեջյանի մատուցած վերոնշյալ ծառայությունները 1935թ. վարձատրվեցին պատգամավորական մանդատով[11], իսկ ավելի վաղ` 1934թ. Թուրքայում ազգանվան մասին օրենքի հռչակումից հետո անձամբ Աթաթուրքը նրան «շնորհել» է Թուրքեր (թարգմանաբար` թուրք զինվոր) ազգանունը, որը նա գոհունակությամբ ընդունել և կիրառել է իր հայկական ազգանվան փոխարեն։ Խորհրդարանական աշխատանքի ժամանակ Քերեսթեջյանի հայկական ծագումը երբևէ առաջնային չի եղել, ավելին` նա իր գործունեությամբ և հայտարարություններով բացարձակ չի զիջել թուրք ազգայնամոլներին: Այսպես, նա խորհրդարանական ամբիոնից քննադատել է ազգային փոքրամասնություններին իրենց մայրենի լեզուների կիրառման համար և Թուրքիային նմանեցրել Բաբելոնյան աշտարակին` պահանջելով, որպեսզի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որ Թուրքիայում բնակվողները խոսեն միայն թուրքերեն[12]։ «Հիշարժան է» նրա ելույթը 1930-ականների վերջերին Ալեքսանդրեթի սանջաքը Թուրքիային բռնակցելու որոշման վերաբերյալ, որտեղ նա` ի թիվս թուրք ազգայնամոլների, պաշտպանել է թուրքական ագրեսիան: Հավելենք նաև, որ Քերեսթեջյանը ակտիվություն չի ցուցաբերել նաև այն ժամանակ, երբ թուրքական խորհրդարանում քննարկվել և միաձայն ընդունվել է ազգային փոքրամասնությունների տնտեսական հալածանքի ամենաբացահայտ օրենքը` Ունեցվածքի հարկը[13], որի միջոցով առաջին հերթին հայկական համայնքը, ըստ էության, ենթարկվեց տնտեսական ցեղասպանության։

1946թ. Թուրքիայում բազմակուսակցական համակարգի հաստատումից հետո, քաղաքական ասպարեզ մտած «Դեմոկրատական կուսակցության» ցուցակով պատգամավոր են դարձել երեք հայազգի գործիչներ. 1950-54թթ.` Անդրե Վահրամ Բայար Քոջաբըյըքյանը, 1954-57թթ. և 1957-60թթ.` Զաքար Թարվերը, 1957-60թթ.` Մկրտիչ Շելեֆյանը։

Զաքար Թարվերը (1894-1960թթ.) ծնվել է Ակնում, իսկական անունն է Ռուբեն-Զաքար Զաքարյան, սակայն ավելի ուշ` 1934թ. Թուրքիայում ազգանվան մասին օրենքի ընդունումից հետո, վերցրել է Զաքար Թարվեր անուն-ազգանունը։ Ընտանիքը Ակնում զբաղվել է տեքստիլի առևտրով, սակայն սաստկացող հակահայկական տրամադրությունները, 1894-ին սկիզբ առած համիդյան ջարդերը հարկադրում են նրանց 1895թ. փախչել Ստամբուլ: Զաքար Թարվերը ուսանել է Ստամբուլի բժշկական համալսարանի ռադիոլոգիայի ֆակուլտետում, որն ավարտել է 1917թ., իսկ այնուհետ` 1919-1922թթ. ուսումը կատարելագործել Ֆրանսիայում: Ավելորդ չէ նշել, որ Զաքար Թարվերը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որպես բժիշկ ծառայել է օսմանյան բանակում, և երևի թե մասնագիտության բերումով կարողացել է փրկվել կոտորածից։ Սկսած 1923 թվականից նա աշխատել է Ստամբուլի հայտնի Սուրբ Փրկիչ հիվանդանոցում, 1927-1933թթ. եղել է ռադիոլոգիայի կլինիկայի ղեկավար, իսկ 1948-1955թթ.` գլխավոր բժիշկ[14]։ Տարբեր աղբյուրներում հանդիպում է այն տեղեկությունը, որ հենց Զաքար Թարվերն է Թուրքիա ներմուծել առաջին ռենտգեն սարքը[15]։ Լինելով միջազգային համարում ունեցող բժիշկ և ժամանակի կրթված մտավորականներից` նա տիրապետել է մի քանի լեզուների` հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և լուրջ ներդրում ունի Թուրքիայում բժշկության զարգացման գործում։

Զաքար Թարվերի նկատմամբ արդեն հանրապետական Թուրքիայում ևս չեն դադարել հալածանքները, և նա հազարավոր այլ հայերի հետ միասին 1942թ. ենթարկվել է, այսպես կոչված, 20 դասակարգի զորակոչի, որն ուներ ընդգծված հակահայկական բնույթ[16]: Նա ստիպված է եղել 48 տարեկանում կրկին մեկնել զինծառայության և տաժանակրություն անել Սեբաստիայում տեղակայված աշխատանքային ճամբարներում[17], որտեղ հավաքվել էին բացառապես ոչ մուսուլման տղամարդիկ: Այդ տարիներին իշխող և հակահայկական քաղաքականություն վարող «Հանրապետական-ժողովրդական կուսակցության» նկատմամբ ատելությունն էլ ստիպել է Զաքար Թարվերին քաղաքականություն մուտք գործելուց հետո նախընտրել ՀԺԿ-ի ընդդիմադիր «Դեմոկրատական կուսակցությանը»:

Սկսելով քաղաքական գործունեությունը` Զաքար Թարվերը նախ ընտրվել է Ստամբուլի քաղաքային ավագանու անդամ, իսկ 1954թ. «Դեմոկրատական կուսակցության» առաջարկով և նրանց ցուցակով` Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր։ Հաջորդ` 1957թ. ընտրություններին ևս Զաքար Թարվերը ընտրվել է պատգամավոր: 1960թ. Թուրքիայում տեղ ունեցավ ռազմական հեղաշրջում, տապալվեց «Դեմոկրատական կուսակցության» իշխանությունը, և ձերբակալվեցին մոտ 600 նախկին պետական պաշտոնյաներ, պատգամավորներ[18]։ Ձերբակալվածների մեջ է լինում նաև Զաքար Թարվերը, ով, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալությունից կարճ ժամանակ անց մահանում է Յասըադայի բանտում: Սակայն մի շարք այլ աղբյուրներում նշվում է, որ Զաքար Թարվերը ենթարկվել է կտտանքների և ծեծի ու իրականում մահացել ուղեղի արյան զեղումից։ Մասնավորապես` ձերբակալված մյուս հայազգի պատգամավոր Մկրտիչ Շելեֆյանը, ով եղել է Զաքար Թարվերի հետ միասին, պատմել է, որ Յասըադա կղզի տեղափոխելու ժամանակ ուղեկցող զինվորներից մեկը հրացանով հարվածել է Զաքար Թարվերի գլխին և ստացված վնասվածքից նա մահացել է բանտում` մեկ ամիս անց։ Հայազգի պատգամավորի մահվան պատճառի մասին ուշագրավ տեղեկություն է տվել նաև Թուրքիայի երրորդ նախագահ Ջելալ Բայարի թոռնուհին` պրոֆեսոր Էմինե Գյուրսոյ Նասքալին, որն այդ ամենը լսել է իր մորից. «Պարոն Զաքարին Յասըադա տանելիս կամ նավ նստելիս կամ էլ իջնելիս սպաներից մեկը հրել է, որից հետո նա ընկել և գլուխը ուժեղ խփել է ու մահվան պատճառը դա է եղել»[19]։ Պատգամավորի մտերիմներից մեկը հետագայում պատմել է, որ Թարվերի դին ամբողջությամբ կապտուկներով է պատված եղել, և պարզ է, որ մահվան պատճառը դաժան ծեծն էր[20]։ Սակայն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորի սպանությունը նույնիսկ չի էլ դարձել հետաքննության նյութ, և թուրքական իշխանությունները քողարկել են այն: Անգամ ժամանակի մամուլը գրեթե չի արձագանքել այդ դեպքին, միայն Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթում տպագրվել է հակիճ տեղեկատվություն և հանգուցյալ պատգամավորի համառոտ կենսագրությունը։ Ուշագրավ է «Ակօս» թերթի թղթակից Էմրե Էրթանիի վերջերս փոխանցած տեղեկությունը, որ Թուրքիայի բռնապետական իրականության պայմաններում անգամ Զաքար Թարվերի հուղարկավորությունը վերածվել է հակակառավարական բողոքի ցույցի, որին հազարավոր մարդիկ են մասնակցել[21]։

Վստահաբար կարող ենք պնդել, որ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորների շարքում առանձնահատուկ տեղ ունի Մկրտիչ Շելեֆյանը, որի նպաստը համայնքային և ազգային խնդիրներին անուրանալի է։ Դրամատիկ զարգացումներով հարուստ իր կյանքի տարբեր փուլերում Մկրտիչ Շելեֆյանը եղել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության, Ստամբուլի հայ համայնքի, ինչպես նաև գավառներում մնացած իսլամացված հայերի խնդիրների, հետագայում նաև Հայաստանի խորհրդային հանրապետության և Սփյուռքի հարաբերությունների կիզակետում։

Մկրտիչ Շելեֆյանը (1914-1987թթ.) ծնվել է Ադափազարում, ընտանիքը զբաղվել է երկաթի առևտրով։ Հայոց ցեղասպանության ժամանակ Շելեֆյանների ընտանիքը տեղափոխվել և ապաստանել է Քյութահիայում։ Ցեղասպանության առաջին ալիքից հետո, հրաշքով փրկված ընտանիքը կրկին վերադարձել է Ադափազար, սակայն ավելի ուշ` քեմալականների առաջխաղացման ժամանակ, տեղափոխվել և հաստատվել են Ստամբուլում` կորցնելով իրենց ունեցվածքի մեծ մասը։

Մկրտիչ Շելեֆյանը արդեն երիտասարդ տարիքից ներգրավվել է առևտրական գործունեության մեջ, իսկ զինվորական ծառայությունից հետո` 1941թ. սկսել է կառավարել հոր բիզնեսը` երկաթի առևտուրը։ Գործարարության մեջ Մկրտիչ Շելեֆյանը ունեցել է գլխապտույտ հաջողություններ, որոնք տարբեր տարիներին ասեկոսեների տեղիք են տվել, սակայն բոլորն էլ միակարծիք են եղել նրա առևտրային ընդունակությունների հարցում։ Պոլսահայ գրող Վարդան Կոմիկյանը Շելեֆյանի մասին իր հոդվածում նշում է. «Առեւտրական հանճար մըն էր։ Կան որ արուեստագէտ կը ծնին, Շէլլէֆեան վաճառական էր ծնած»[22]։ Իր առևտրական և կազմակերպչական հմտությունների շնորհիվ Մկրտիչ Շելեֆյանը հետզհետե սկսել է որոշիչ դեր խաղալ Ստամբուլի հայ համայնքում։ 1951թ. դարձել է Պոլսո հայոց պատրիարք Գարեգին Խաչատուրյանի խորհրդականը, իսկ 1953թ. ընտրվել է Թուրքիայի հայերի ազգային կենտրոնական վարչության ատենապետ։ Այս կառույցը, ըստ էության, Թուրքիայի հայերի կառավարման աշխարհիկ մարմինն էր, իսկ ատենապետը` համայնքի ղեկավարը։ 1955թ. Մկրտիչ Շելեֆյանը ընտրվել է Ստամբուլի քաղաքային ավագանու անդամ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1957թ.։

Իր գործունեության հենց սկզբից էլ դրսևորվել է Շելեֆյանի ազգային նկարագիրը։ Դեռևս 1934թ. ազգանվան օրենքի ընդունումից հետո փորձել են փոխել և թուրքացնել նրա ազգանունը` դարձնելով Շելեֆօղլու, սակայն նա կտրուկ դեմ է դուրս եկել և կարողացել պահպանել իր հայկական ազգանունը։ Ստամբուլի քաղաքապետարանի ավագանի եղած տարիներին Շելեֆյանը կարողացել է բավական լավ կապեր հաստատել թուրք ամենատարբեր պաշտոնյաների, անգամ վարչապետ Ադնան Մենդերեսի հետ և այդ ամենը ծառայեցնել համայնքի շահերին։ Այսպես, մեծապես նրա ջանքերով է բացվել Ստամբուլի Սուրբ Խաչ դպրեվանքը, որի կարևոր գործառույթներից էր Հայոց ցեղասպանության ժամանակ բռնի իսլամացված և ուծացած հազարավոր հայերի երեխաներին Ստամբուլ տեղափոխելով` հայեցի կրթություն տալն ու այդ միջոցով ազգային ակունքներին վերադարձնելը։ Իր այս գործունեության համար Շելեֆյանը բազմիցս է քննադատվել ազգայնամոլական և մոլեռանդ շրջանակների կողմից, որոնք նրան մեղադրել են «մուսուլման» երեխաներին քրիստոնեացնելու մեջ։ Այդ տարիներին Մկրտիչ Շելեֆյանը կարողացել է թույլտվություն ստանալ Գալաթիայի քանդված հայկական եկեղեցու վերականգնման համար։ Հարկ է հատուկ շեշտել, որ այդ եկեղեցին վերակառուցվել է հայկական ճարտարապետական ոճով, ինչը եզակի երևույթ է Ստամբուլում[23]։

Իր ակտիվ գործունեությունը, ինչպես նաև համայնքում ունեցած հեղինակությունը ստիպել են, որպեսզի Մկրտիչ Շելեֆյանով հետաքրքրվեն թուրքական իշխանությունները, և 1957թ. խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող «Դեմոկրատական կուսակցության» կողմից նա առաջարկ է ստացել կուսակցական ցուցակով մասնակցել ընտրություններին։ Շելեֆյանը սկզբում մերժել է այդ առաջարկը` պատճառաբանելով իր բազմազբաղությունը, սակայն ավելի ուշ տեղի է տվել և ընդունել անձամբ Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսի առաջարկը` մասնակցել ընտրություններին։ Ինչպես հետագայում պատմել է Մկրտիչ Շելեֆյանը, նա այդ ժամանակ Պոլսո պատրիարք Գարեգին Խաչատուրյանի հետ եղել է Լոնդոնում, և վարչապետ Մենդերեսը այնտեղի թուրքական դեսպանատան միջոցով գտել է Շելեֆյանին և հեռախոսային զրույցում համոզել է տալ իր համաձայնությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար[24]։ Ավելորդ չէ նշել, որ Շելեֆյանի դրական պատասխանի վրա որոշիչ ազդեցություն է ունեցել նաև Գարեգին պատրիարքի դիրքորոշումը։ Այս հարցում և’ հոգևորական, և’ աշխարհիկ գործիչների համար առաջնային է եղել հայ համայնքի շահերը, իսկ պատգամավորի հանգամանքը Շելեֆյանին թույլ կտար էլ ավելի արդյունավետ նպաստել համայնքային որոշ խնդիրների լուծմանը։ Սակայն Շելեֆյանին պատգամավոր առաջադրելով` «Դեմոկրատական կուսակցությունը» ևս ակնկալում էր որոշակի օգուտներ, քանի որ նրա հեղինակության շնորհիվ իշխող կուսակցությունը մեծ թվով ձայներ էր ստանալու հայ համայնքից։ Նկատենք նաև, որ ինչպես Զաքար Թարվերի պարագայում էր, այնպես էլ Մկրտիչ Շելեֆյանի քաղաքական նախընտրության մեջ որոշակի դեր է ունեցել այն հանգամանքը, որ քեմալական «Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը» ազգային փոքրամասնությունների և հատկապես հայերի նկատմամբ վարել էր ծայրահեղ խտրական քաղաքականություն[25]։

Հարկ է հատուկ շեշտել այն ուշագրավ փաստը, որ պատգամավոր ընտրվելուց հետո Շելեֆյանն ընդգրկվել է խորհրդարանի բյուջեի հանձնաժողովում[26], որտեղ քննարկվել են տարբեր աստիճանի պետական գաղտնիքներ` կապված նաև ազգային անվտանգության համակարգի հետ, և շատ հաճախ հանձնաժողովի նիստերը անցկացվել են դռնփակ։ Մկրտիչ Շելեֆյանը ազգային փոքրամասնությունների միակ ներկայացուցիչն էր, ով աշխատել է այդ հանձնաժողովում և փաստորեն հասու է եղել պետական գաղտնիքներին։ Պատգամավոր աշխատելու տարիներին Շելեֆյանը լայն թափով շարունակել է հայ համայնքի խնդիրների լուծմանն ուղղված իր գործունեությունը և այդ շրջանում համայնքում դրական առաջընթաց է նկատվել։ Չպետք է անտեսենք նաև այն իրողությունը, որ թուրքական խորհրդարանի պատգամավոր լինելով հանդերձ` Շելեֆյանը մշտապես կարևորել է իր հայկական ինքնությունը և նրանց տանն անգամ արգելված է եղել թուրքերենն ու թուրքական երաժշտությունը։

1960թ. մայիսի 27-ի ռազմական հեղաշրջումից հետո ձերբակալվել է նաև Մկրտիչ Շելեֆյանը։ Ուշագրավ է, որ նա խիզախ պահվածք է դրսևորել և’ նախաքննության, որն ուղեկցվել է դաժան կտտանքներով, և’ դատական նիստերի ժամանակ։ Մասնավորապես` առաջադրված մեղադրանքի շրջանակներում քննվել է խորհրդարանի մի նիստ և այնտեղ ընդունված որոշումը։ Չնայած որ Շելեֆյանը այդ նիստին մասնակցած չի եղել, սակայն կուսակցական համերաշխությունից ելնելով հայտարարել է. «Այդ որոշումներուն ատեն ես Անգարա չէի, բայց եթէ Անգարա գտնուէի, ես ալ ի նպաստ կը քուէարկէի։ Հետս վարուեցէք այնպէս ինչպէս պիտի վարուէիք եթէ հոն ըլլայի»[27]։ Շելեֆյանը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման և տեղափոխվել Կեսարիայի բանտ, իսկ նրա ամբողջ ունեցվածքը բռնագրավվել է։ Հետաքրքիր է, որ Շելեֆյանն իր ազատազրկումն անցկացրել է Թուրքիայի երրորդ նախագահ Ջելալ Բայարի[28] հետ նույն խցում, և այդ միջոցով նրանք բավական մտերմացել են: Զրույցների ընթացքում Շելեֆյանը բազմաթիվ դրվագներ է պատմել հայ ժողովրդի պատմությունից, մշակույթից, ավանդույթներից, ինչից հետո Բայարը հայտարարել է, որ նոր-նոր է սկսում ճանաչել հայերին և այն էլ` Շելեֆյանի շնորհիվ։

1962թ. նորաստեղծ «Արդարություն կուսակցությունը» սկսել է ջանքեր գործադրել ռազմական հեղաշրջումից հետ դատապարտված պաշտոնյաներին և պատգամավորներին ազատ արձակելու ուղղությամբ, և հենց նույն տարում 280 մարդ ազատվել է բանտերից, այդ թվում և Շելեֆյանը[29]։ Ազատ արձակվելուց հետո Մկրտիչ Շելեֆյանը սկսել է քայլեր ձեռնարկել իր բիզնեսի վերականգնման ուղղությամբ։ Ստեղծված իրավիճակում հրաժարվելով կրկին մտնել ակտիվ քաղաքականության մեջ և զբաղեցնել պաշտոններ` Շելեֆյանը լծվել է հայ համայնքի խնդիրների լուծման գործին և վարչապետ Դեմիրելի հետ ունեցած իր մտերմությունը ծառայեցրել համայնքային շահերին։ 1960թ. ռազմական հեղաշրջումից հետ լուծարվել և արգելվել է հայ համայնքի աշխարհիկ կառավարման մարմինը` Թուրքիայի հայերի ազգային կենտրոնական վարչությունը, սակայն այդ պայմաններում ևս Շելեֆյանը մնացել է համայնքի դե-ֆակտո աշխարհիկ ղեկավարը և շարունակել է ապահովել թուրքական կառավարության և հայ համայնքի միջև կապը[30]։ Այդ շրջանում նա դարձել է համայնքային ամենամեծ հաստատության` Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Կարևոր է նկատել, որ Մկրտիչ Շելեֆյանը կարողացել է իր կապերն ու հեղինակությունը օգտագործել ոչ միայն նեղ համայնքային խնդիրների լուծման համար, այլև ավելի լայն համազգային խնդիրներում ևս։ Նմանատիպ օրինակներից հարկ ենք համարում մեջբերել մեկը. այսպես, 1965թ. ապրիլի 24-ին, երբ Երևանում պատրաստվել են նշել Հայոց ցեղասպանության 50 ամյակը, թուրքական իշխանությունները որպես հակաքայլ պահանջել և ստիպել են, որպեսզի Ստամբուլի հայ համայնքը քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում` Թաքսիմում բողոքի ցույց կազմակերպի ընդդեմ ցեղասպանության հարցի։ Սրանով թուրքական իշխանությունները փորձում էին սեպ խրել հայության մեջ և աշխարհին ցույց տալ, որ Թուրքիայի հայերը այլ կարծիքի էին։ Ինչևէ, համայնքի հոգևոր ղեկավարությունը` ի դեմս երջանկահիշատակ պատրիարք Շնորհք Գալուստյանի և աշխարհիկ ղեկավարությունը` ի դեմս Մկրտիչ Շելեֆյանի, համագործակցաբար կարողացել են տապալել թուրքական իշխանությունների վերոհիշյալ ծրագիրը և նշանակված ժամին Թաքսիմ հրապարակում հավաքվել է ընդամենը 20 մարդ։ Թուրքական բազմաթիվ լրատվամիջոցներից եկած լրագրողները ձեռնունայն են հեռացել և միջազգային մամուլի համար նախատեսվող հաղորդումները չեն կայացել։ Այս իրադարձությունից հետո Շելեֆյանը ամբողջովին իր վրա է վերցրել իշխանությունների ծրագրի տապալման պատասխանատվությունը (ըստ երևույթին պատրիարքին վտանգից զերծ պահելու համար)։ Այս առիթով Շելեֆյանին հրավիրել են Թուրքիայի ազգային անվտանգության Ստամբուլի վարչության պետի մոտ` պարզաբանումների։ Այստեղ էլ, ցուցաբերելով համարձակություն, Շելեֆյանը հայտարարել է, որ 1915 թվականին անձամբ իր ընտանիքից 10 հոգի է զոհվել և ապրիլի 24-ը հայերի համար սգո օր է` ոչ թե հրապարակային միջոցառումների։ Ընդհանրապես Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ Շելեֆյանը դրսևորել է հստակ դիրքորոշում. հրապարակային ելույթների ժամանակ չի անդրադարձել այդ թեմային, սակայն միևնույն ժամանակ չի էլ արտահայտել թուրքական պաշտոնական թեզի պարտադրած մոտեցումները։ Իսկ ոչ հրապարակային շփումների ժամանակ, անգամ վարչապետ Դեմիրելի հետ զրույցում, հստակ պնդել է, որ Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանության փաստը, ինչին Դեմիրելը պատասխանել է, որ այդ դեպքում իրենք կկորցնեն իշխանությունը։

Մկրտիչ Շելեֆյանի դիվանագիտական հմտությունները դրսևորվել են նաև արտաքին քաղաքականության ոլորտում. 1960-ականներին նա ակտիվ, բայց ոչ հրապարակային դեր է խաղացել թուրք-հունական բանակցություններում։ Կիպրոսի խնդրի հետ կապված Թուրքիայի և Հունաստանի լարված հարաբերությունների ժամանակ Շելեֆյանը մի քանի գաղտնի հանդիպումներ է ունեցել հունական զինվորական և քաղաքական բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում և` վարչապետեր Պապանդրեուի ու Ստեֆանոպուլուսի հետ։ Այս ամենի արդյունքում այդ ժամանակ կասեցվել է թուրքական ռազմական ներխուժումը Կիպրոս։ Իրադարձություններից տարիներ անց էլ` 1984թ., Մկրտիչ Շելեֆյանը չի բացել բոլոր փակագծերը կապված Թուրքիայի և Հունաստանի միջև իր միջնորդական գործունեության մասին. «Դեռ ժամանակը չէ հասած հրապարակելու թէ ինչեր էին անոնք։ Պետական գաղտնիք են եւ մինչեւ այսօր չեն հրապարակուած։ Օր մը եթէ ժամանակը գայ, այդ մասին ալ կը խօսինք»[31]։

1960-ական թվականների վերջին թուրքական քաղաքական, լրատվական դաշտում սաստկացել են սպառնալիքները, ճնշումները Մկրտիչ Շելեֆյանի հասցեին։ Նրա անվան շուրջ հյուսվել են աղմկահարույց պատմություններ և դրանով էլ ավելի բորբոքել մոլեռանդ շրջանակներին։ Հալածանքների այդ ողջ համալիրի մեջ առաջնային էր նրա հայկական ծագումը, որը Թուրքիայում միշտ էլ թշնամաբար է ընկալվել։ Շելեֆյանը միաժամանակ դարձել է և’ աջ, և’ ձախ ծայրահեղականների թիրախը։ Սպառնալիքները նրա հասցեին գնալով ահագնացել են և սկսել են վերաբերել նաև ընտանիքի անդամներին, մասնավորապես` աղջկան։ 1970թ. Ստամբուլում սպանված մի վարձու մարդասպանի գրպանից ոստիկանները գտել են Շելեֆյանի անունն ու հասցեն[32]։ Այս ամենը հարկադրել են Մկրտիչ Շելեֆյանին մտածելով ընտանիքի անվտանգության մասին` նրանց հեռացնել Թուրքիայից։ Այդ ժամանակ նրա որդին` Արդենը, ուսանելիս է եղել Շվեյցարիայում և Շելեֆյանը որոշել է այնտեղ տեղափոխել կնոջն ու աղջկան, իսկ ինքը վերադառնա Թուրքիա և փորձի դիմակայել։ Սակայն Թուրքիայից նրա հեռանալուց երկու օր անց ամբողջ թուրքական մամուլը հեղեղվել է այն տեղեկությամբ, թե իբր Մկրտիչ Շելեֆյանը փախել է երկրից` իր հետ տանելով ահռելի գումար։ Ստեղծված իրավիճակն արդեն անհնար է դարձրել նրա վերադարձը Թուրքիա, իսկ իր մտերիմները, այդ թվում և քաղաքական գործիչները, խուսափել են օժանդակել նրան` վախենալով իրենց քաղաքական հեղինակության և անվտանգության համար։

Այդպիսով` 1970թ. Մկրտիչ Շելեֆյանը հաստատվել է Շվեյցարիայում, որտեղ կարճ ժամանակ անց դարձել է շվեցարահայ համայնքի[33] ազդեցիկ գործիչներից մեկը։ Ինչպես գրում է «The Armenian Reporter» թերթը. «Տարիներ շարունակ Շվեյցարիայում բնակվելով` Շելեֆյանը դարձավ Ժնևի փոքրիկ հայ համայնքի առաջնորդ և արժանացավ համայնքի ու ամբողջ աշխարհի եկեղեցական առաջնորդների վստահությանը»[34]։

1980թ. Թուրքիայում կրկին տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և որոշ ժամանակ անց` 1983թ. թուրքական կառավարությունը անդրադառնում է Մկրտիչ Շելեֆյանին. ըստ թուրքական իշխանությունների, Շելեֆյանը զբաղվել է հակաթուրքական գործունեությամբ և մինչև 1983թ. օգոստոսի 31-ը Թուրքիա չվերադառնալու դեպքում զրկվելու էր այդ երկրի քաղաքացիությունից և պետականացվելու էին նրա գույքն ու ունեցվածքը։ Այս մասին տեղեկանալով` Մկրտիչ Շելեֆյանը 1983թ. օգոստոսի 31-ին նամակ-հեռագիր է հղում Թուրքիայի նախագահ Քենան Էվրենին, իսկ նամակի կրկնօրինակը` ներքին գործերի նախարար Սելահեթթին Չեթիներին։ Մեզ մոտ գտնվող այս ուշագրավ նամակում Շելեֆյանը Թուրքիայի կառավարության կողմից այդ որոշման ընդունման ժամանակի ընտրությունը պայմանավորում է ԱՍԱԼԱ-ի Օռլիի գործողության հետ։ Իսկ անդրադառնալով իր գույքի առգրավման հարցին` Շելեֆյանը զուգահեռներ է տանում Հայոց ցեղասպանությունից հետո հայերի լքված գույքի խնդրի հետ. «Իրավական պետությունները բարկությամբ չեն առաջնորդվում և այս վերջին ունեցվածքն էլ տխրահռչակ «լքյալ գույքի» օրենքը հիշեցնող ձևով չեն բռնագրավում»[35]։ Խոսելով իրեն Թուրքիայի քաղաքացիությունից զրկելու սպառնալիքին` Մ. Շելեֆյանը հատուկ ընդգծելով նշում է. «Եկող և գնացող ոչ մի կառավարություն չի կարող ինձնից խլել այն իրողությունը, որ ես այս տարածքների հարազատ զավակն եմ, տարածքներ, որտեղ ծնվել ու դարերով ապրել են իմ նախնիները»[36]։ Այս նամակից տասը ամիս անց` 1984թ. հունիսի 22-ին Շվեյցարիայում (Ժնև) Թուրքիայի փոխհյուպատոս Օմեր Թարքանի ստորագրությամբ պաշտոնական գրություն է ուղարկվում Մկրտիչ Շելեֆյանին, որտեղ նշված է. «Քանի որ հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում հայրենիք չեք վերադարձել և համապատասխան մարմիններին չեք հանձնվել` Թուրքիայի քաղաքացիության թիվ 403 օրենքի 25-րդ հոդվածի համաձայն Թուրքիայի Նախարարների խորհրդի 27.03.1984 թվագիր 84/7857 որոշմամբ զրկվել եք Թուրքիայի քաղաքացիությունից։ Նույն որոշմամբ նախատեսվում է ձեր գույքը փոխանցել գանձարանին»[37]։ Ավելին` թուրքական իշխանությունները Մկրտիչ Շելեֆյանի` Թուրքիայի նախագահ Քենան Էվրենին ուղղված նամակը համարելով անարգանք և սպառնալիք` նրա դեմ քրեական գործ են հարուցում Անկարայի դատարանում։

Այսպիսով, կարող ենք նշել, որ 20-րդ դարի պոլսահայ և սփյուռքահայ իրականության մեջ Մկրտիչ Շելեֆյանը քաղաքական, համայնքային գործչի, հմուտ դիվանագետի և գործարարի վառ կերպար է։ Իր գործունեության մեծ մասը ծավալելով Թուրքիայում` նա կարողացել է պահպանել և հպարտանալ իր ազգային ինքնությամբ, արժանապատիվ պահվածքով հասել է որոշակի դիրքերի և այդ ամենը ծառայեցրել համայնքային ու ազգային շահերին։ Մկրտիչ Շելեֆյանի օրինակը նաև ցույց է տալիս, որ ցանկության և համարձակության դեպքում հնարավոր է հայկական նկարագիրը պահպանել և հայեցի գործել անգամ թուրքական դժնդակ իրականության մեջ։

Ամփոփելով փաստենք, որ 1960 թվականից հետո մինչ օրս Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավորներ չեն եղել[38]: Ճիշտ է 1960թ. ռազմական հեղաշրջումից հետո, Թուրքիայի օրենսդիր մարմնում պետության կողմից նշանակվել են երկու հայազգի սենատորներ` Հերմինե Աղավնի Գալուստյանը և Սահակ Պերճ Թուրանը[39], սակայն նրանք ժողովրդի կողմից ընտրյալ պատգամավորներ չէին: Այսպիսով` տարաբնույթ փաստերը ցույց են տալիս, որ 20-րդ դարում Թուրքիայի Հանրապետության օրենսդիր մարմնում հայ համայնքը չնայած որ ունեցել է նվազագույն ներկայացվածություն, սակայն այդ պարագայում ևս հայազգի պատգամավորները հարմարվողական դիրքորոշում չորդեգրելու դեպքում ենթարկվել են պետական հալածանքների` ընդհուպ սպանություն և արտաքսում:

———————–
[1] Այս մասին մանրամասն տես, Ստեփանյան Հ., Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում (երկրորդ վերամշակված հրատարակություն), Երևան, 2012, էջ 710-712:
[2] Hür A., Meclis yine gayrimüslimsiz, Taraf, 17.04.2011. Մինչև 1935 թվականը հայկական համայնքից որևէ ներկայացուցիչ չի եղել Թուրքիայի խորհրդարանում և սրանում էական դեր է խաղացել թուրքական իշխանությունների դիրքորոշումը, սակայն հարկ ենք համարում նշել, որ մինչև 1935թ. թուրքական խորհրդարանում եղել է հայկական ծագում ունեցող պատգամավոր` Մյունիփ Բոյան, ով ավելի վաղ իսլամ էր ընդունել և խզել կապը հայկականության հետ։ Նա մի քանի անգամ պատգամավոր է ընտրվել Հաքիարիի և Վանի նահանգներից: Տես Özdoğan G., Üstel F., Karakaşlı K., Kentel F., Türkiye’de Ermeniler։ Cemaat-Birey-Yurttaş, İstanbul, 2009, s. 291: Ընդհանուր առմամբ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր է դարձել ազգային փոքրամասնությունների 24 ներկայացուցիչ` ներառյալ 2011 թվականին Մարդինից ընտրված ասորի փաստաբան Էրոլ Դորան:
[3] Այս մասին տես, Հասրաթյան Մ., Օրեշկովա Ս., Պետրոսյան Յու., Թուրքիայի պատմության ուրվագծեր, Երևան, 1986, էջ 254:
[4] Hür A., Meclis yine gayrimüslimsiz, Taraf, 17.04.2011.
[5] Նույն տեղում:
[6] Նույն տեղում:
[7] Նույն տեղում:
[8] Hür A., Keresteciyan olmak mı zor, Türker olmak mı?, Agos, 15.04.2011.
[9] Hür A., Keresteciyan olmak mı zor, Türker olmak mı?, Agos, 15.04.2011.
[10] Hür A., Meclis yine gayrimüslimsiz, Taraf, 17.04.2011.
[11] Քերեսթեջյանը պատգամավոր դարձավ նաև 1939 և 1943թթ. ընտրություններին:
[12] Hür A., Keresteciyan olmak mı zor, Türker olmak mı?, Agos, 15.04.2011.
[13] Այս մասին մանրամասն տե’ս, Մելքոնյան Ռ., «Ունեցվածքի հարկը» կամ տնտեսության «թուրքացման» քաղաքականությունը հանրապետական Թուրքիայում, Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, հ. 5, Երևան, 2008, էջ 127-143:
[14] Erdoğan’dan, Yassıada mağduru Zakar Tarver’li mesaj http://www.haberhakki.com/kulis-haber/erdogandan-yassiada-magduru-zakar-tarverli-mesaj.html
[15] Yassıada’da ölen Ermeni milletvekilinin hazin öyküsü http://www.rsfmradio.com/radio_broadcast/76365321/88795680.html
[16] Այդ զորակոչի մասին մանրամասն տե’ս Մելքոնյան Ռ., «Էթնիկ զորակոչ» Թուրքիայի Հանրապետությունում (1941-1942թթ.), Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 2-3, Երևան, 2012, էջ 42-50:
[17] Erdoğan’dan, Yassıada mağduru Zakar Tarver’li mesaj http://www.haberhakki.com/kulis-haber/erdogandan-yassiada-magduru-zakar-tarverli-mesaj.html
[18] Mr. M. Shelefyan’s Life Takes a New Turn as He Is Imprisoned After Military Coup, The Armenian Reporter, New York, 13.09.1984.
[19] Erdoğan’dan, Yassıada mağduru Zakar Tarver’li mesaj http://www.haberhakki.com/kulis-haber/erdogandan-yassiada-magduru-zakar-tarverli-mesaj.html
[20] Yassıada’da ölen Ermeni milletvekilinin hazin öyküsü http://www.rsfmradio.com/radio_broadcast/76365321/88795680.html
[21] Նույն տեղում:
[22] Կոմիկեան Վ., Մկրտիչ Շէլլէֆեանի քաղցր յիշատակին, Նոր Մարմարա, 26.01.1988։
[23] Այս և նմանատիպ այլ ծառայությունների համար նա արժանացել է Ստամբուլի հայ համայնքի երախտագիտությանը և պատահական չէ, որ հետագայում Մկրտիչ Շելեֆյանի մահվան օրը` 1987թ. դեկտեմբերի 10-ը, համայնքում և Պոլսո պատրիարքությունում հայտարարվել է սգո օր։
[24] Մկրտիչ Շէլլէֆեանը կը լուսաբանէ (Ալթան Օյմէնի հարցազրույցը Մկրտիչ Շելեֆյանի հետ), Նոր Մարմարա, 10.08.1984։
[25] Խոսելով ազգային փոքրամասնությունների նկատմամբ կիրառված հալածանքների մասին` չենք կարող չանդրադառնալ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում և Իզմիրում տեղի ունեցած հայերի ու հույների պոգրոմներին (ջարդարարություններին), որոնք կազմակերպված էին իշխանությունների կողմից, իսկ այդ ժամանակ արդեն իշխում էր «Դեմոկրատական կուսակցությունը»: Սա վկայում է այն մասին, որ անկախ իշխանության ղեկին գտնվողների քաղաքական կողմնորոշման, ազգային փոքրամասնությունների նկատմամբ թուրքական քաղաքականությունը եղել է ընդգծված թշնամական: 1955թ. սեպտեմբերի 6-7-ի հարձակումների ժամանակ ավերվել են բազմաթիվ տներ, խանութներ, արհեստանոցներ, բռնությունների են ենթարկվել հարյուրավոր մարդիկ: Այդ դեպքերից հետո թուրքական կառավարությունը փորձել է մեղմել իրավիճակը` փոխհատուցում տալով տուժածներին, և Մկրտիչ Շելեֆյանը անձամբ է բանակցել վարչապետի քարտուղարության հետ այդ հարցերի շուրջ:
[26] Մկրտիչ Շէլլէֆեանը կը լուսաբանէ (Ալթան Օյմէնի հարցազրույցը Մկրտիչ Շելեֆյանի հետ), Նոր Մարմարա, 11.08.1984
[27] Մկրտիչ Շէլլէֆեանը կը լուսաբանէ (Ալթան Օյմէնի հարցազրույցը Մկրտիչ Շելեֆյանի հետ), Նոր Մարմարա, 15.08.1984
[28] Երիտթուրքական կուսակցության նախկին ակտիվ գործիչ Ջելալ Բայարը 1960թ. ռազմական հեղաշրջումից հետո դատապարտվել է մահվան, սակայն առաջացած տարիքի պատճառով պատիժը փոխվել է ցմահ բանտարկության։ Ավելի ուշ նա ազատ է արձակվել. մահացել է 1986թ.` 103 տարեկանում։
[29] Mr. M. Shelefyan’s Life Takes a New Turn as He Is Imprisoned After Military Coup, The Armenian Reporter, New York, 13.09.1984.
[30] Նույն տեղում:
[31] Մկրտիչ Շէլլէֆեանը կը լուսաբանէ (Ալթան Օյմէնի հարցազրույցը Մկրտիչ Շելեֆյանի հետ), Նոր Մարմարա18.08.1984
[32] Նույն տեղում:
[33] Հայոց ցեղասպանությունից հետո Շվեյցարիայում ստեղծվել է որբախնամ միություն, որի ջանքերով այնտեղ են տեղափոխվել բազմաթիվ հայ որբեր (տես` Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 875, ցուցակ 16, գործ 103, թ. 1): Այս որբերն են հետագայում կազմել շվեյցարահայ համայնքի կորիզը, որին 20-րդ դարի կեսերից սկսած ավելացել են Թուրքիայից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից արտագաղթած հայերը:
[34] Mr. M. Shelefyan’s Life Takes a New Turn as He Is Imprisoned After Military Coup, The Armenian Reporter, New York, 13.09.1984.
[35] Մկրտիչ Շելեֆյանի նամակը Թուրքիայի նախագահ Քենան Էվրենին, Մ. Շելեֆյանի անձնական արխիվ, Ժնև։
[36] Նույն տեղում:
[37] Ժնևում Թուրքիայի փոխհյուպատոս Օմեր Թարքանի պաշտոնական գրությունը Մկրտիչ Շելեֆյանին, Մ. Շելեֆյանի անձնական արխիվ, Ժնև։
[38] Թուրքիայի խորհրդարանում 1960 թվականից հետո մինչև 1995թ. ընդհանրապես ազգային փոքրամասնության որևէ ներկայացուցիչ չի եղել և միայն 1995թ. ընտրվել է հրեա Ջեֆի Քամհին` Թանսու Չիլերի «Ճշմարիտ ուղի կուսակցության» ցուցակով։ Կարևոր է նկատել, որ նա Ջեք Քամհիի որդին է, ով ԱՄՆ-ում գործող թուրքամետ հրեական լոբբիի կարևոր ներկայացուցիչներից է և հենց նրա ջանքերով է ԱՄՆ կոնգրեսում տապալվել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Եվ կարելի է վստահորեն պնդել, որ իր հակահայկական գործունեության փոխհատուցումն է նրա որդու մանդատը։ Տե’ս, Hür A., Meclis yine gayrimüslimsiz, Taraf, 17.04.2011:
[39] Özdoğan G., Üstel F., Karakaşlı K., Kentel F., Türkiye’de Ermeniler։ Cemaat-Birey-Yurttaş, İstanbul, 2009 s.294-295

Աղբյուր՝ Արևելագիտության հարցեր (Գիտական հոդվածների ժողովածու)

allTurkey.am

Մեկնաբանություններ