Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հպարտություն է զգում իր երկրի պատմության համար

Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Քարսլըօղլուն Քյոլն քաղաքում մասնակցել է Եվրոպայի թուրք դեմոկրատների միության նախաձեռնությամբ անցկացված «Չանաքքալեի հաղթանակի 100-րդ տարելիցը» խորագրով միջոցառմանը, որի ժամանակ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության թեմային։ Հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«1915 թվականի իրադարձությունների շուրջ Գերմանիայում որոշ քայլեր են ձեռնարկվում, որոնց պետք է հակադարձել քաղաքացիական հասարակությամբ, անգամ կանանց միջոցով։

Այսպես կոչված, Հայոց ցեղասպանության համար հայերը մեզ են մեղադրում, բայց դա ընդհանուր ցավ է։ Իմ ցավը և´ Կովկասում է, և´ Բալկաններում, և´ Անատոլիայում։ Դրա պատճառը մենք չենք, մենք ամաչելու ոչինչ չունենք։ Մենք հպարտ ենք մեր պատմության համար, ներողություն խնդրելու պատճառ էլ չունենք», – ասել է թուրք դիվանագետը։

Նշենք, որ միջոցառմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը։

Պաշտոնական Անկարան վերջին տարիներին փոխել է մարտավարությունը՝ փորձում է խիստ ժխտումից անցում կատարել ավելի ժամանակակից և արդյունավետ միջոցների, այն է՝ Ցեղասպանությունը կոչել այլ բառերով: Թուրքական կողմն ակտիվորեն կիրառում է «ընդհանուր ցավի» թեզը, որն ամբողջովին արտացոլվեց նաև Էրդողանի անունից 2014 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին տարածված ուղերձում: Ըստ «ընդհանուր ցավի» թեզի՝ «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի են ունեցել ցավալի դեպքեր, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմաններ, իսկ այդ ցավը բոլորինն է»։

Այսպիսով՝ Թուրքիան խուսափում է հայերի զանգվածային կոտորածներն ու հայրենազրկումը կոչել ցեղասպանություն, ինչպես նաև փորձում է հայերի «ցավը» տեղավորել Առաջին աշխարհամարտի շրջանակներում և հավասարեցնել թուրքերի կորուստներին, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ