Հայոց ցեղասպանության մասին ռեպորտաժի համար Թուրքիա ժամանած գերմանացի լրագրողին թույլ չեն տվել երկիր մտնել

Գերմանական հեղինակավոր Der Spiegel («Դեռ Շպիգել») թերթի ֆոտոթղթակից Էնդի Սպիրային թույլ չեն տվել Թուրքիա մուտք գործել: Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆոտոսեսիայի համար Թուրքիա ժամանած թղթակցին հետ են ուղարկել Գերմանիա՝ պատճառաբանելով, թե նա «իսլամիստ զինյալ է», փոխանցում է թուրքական «Միլիյեթ» պարբերականը:

Սպիրան Թուրքիա է ժամանել մարտի 28-ին, սակայն նրան թույլ չեն տվել մուտք գործել երկրի տարածք: Սպիրան նախկինում մի քանի անգամ Թուրքիա է ժամանել, սակայն նմանատիպ խնդիրներ չի ունեցել: Նրան Թուրքիայում խուզարկել են, ապա մեկ գիշեր պահել Ստամբուլի օդանավակայանում, որից հետո հետ են ուղարկել Գերմանիա: Թուրքիա անցնելու թույլտվության հնարավորություն չի եղել անգամ Գերմանիայում Թուրքիայի դեսպանատուն դիմելուց հետո:

Սպիրան նշել է, որ չի բացառվում՝ Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տվել երկիր անցնել այն պատճառով, որ ինքը ռեպորտաժ էր պատրաստելու Հայոց ցեղասպանության թեմայով:

Դեպքի վերաբերյալ քննադատական հայտարարություն է տարածել նաև Der Spiegel-ը, որում բողոքել է իր թղթակցի նկատմամբ վերաբերմունքից: Գերմանական աղբյուրն առաջին անգամ չէ, որ խնդիրների է հանդիպում Թուրքիայում: 2014 թվականին Der Spiegel-ը ստիպված էր հետ կանչել իր թղթակիցներից մեկին, որի հասցեին սպառնալիքներ էին հնչում Սոմայի ածխահանքում պատահարը լուսաբանելու ժամանակ:

Հավելենք, որ Սպիրան իր լուսանկարներով նախկինում ևս անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ