Թուրքական պատմության մեջ ցեղասպանություն չի եղել, չի էլ լինի. թուրք պատգամավորը՝ Փարիզում

Մեթին Քյուլյունք

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտաքին կապերի ղեկավարի տեղակալ, Ստամբուլից պատգամավոր Մեթին Քյուլյունքը Փարիզում մասնակցել է Եվրոպացի թուրք դեմոկրատների միության կազմակերպած երեկոյին, որի ժամանակ էլ Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու դիրքերից է հանդես եկել:

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորը հայտարարել է, թե «թուրքերի պատմության մեջ ցեղասպանություն չի եղել»:

«Բացեիբաց, հստակ հայտարարում եմ, որ թուրքական պատմության մեջ ցեղասպանություն չի եղել, չի էլ լինելու: Սակայն մենք նման պնդումների և մեղադրանքների ներքո ենք անցկացնելու ապրիլի 24-ը: Որպեսզի մեր պատմությունը ճշմարիտ ձևով ներկայացվի, դուք ևս պետք է ուժեղ լինեք»,-հայտարարել է Մեթին Քյուլյունքը՝ իր խոսքն ուղղելով Եվրոպայում բնակվող թուրքերին:

Նշենք, որ պաշտոնական Անկարան վերջին տարիներին փոխել է մարտավարությունը և փորձում է խիստ ժխտումից անցում կատարել ավելի ժամանակակից ու արդյունավետ միջոցների, այն է՝ Ցեղասպանությունը կոչել այլ բառերով: Թուրքական կողմն ակտիվորեն կիրառում է «ընդհանուր ցավի» թեզը, որն ամբողջովին արտացոլվեց նաև Էրդողանի անունից 2014 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին տարածված ուղերձում: Ըստ «ընդհանուր ցավի» թեզի՝ «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի են ունեցել ցավալի դեպքեր, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմաններ, իսկ այդ ցավը բոլորինն է»։

Այսպիսով՝ Թուրքիան խուսափում է հայերի զանգվածային կոտորածներն ու հայրենազրկումը կոչել ցեղասպանություն, ինչպես նաև փորձում է հայերի «ցավը» տեղավորել Առաջին աշխարհամարտի շրջանակներում և հավասարեցնել թուրքերի կորուստներին, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ:

Միևնույն ժամանակ, թուրքական պետությունն ու տարբեր թուրքական կազմակերպություններ շարունակում են Ցեղասպանության ժխտման խորքային աշխատանքները ինչպես գիտական, այնպես էլ դիվանագիտական, քաղաքական, հասարակական ոլորտներում:

Քիչ չեն նաև ցեղասպանությունն իսպառ ժխտող թուրք պաշտոնյաները, ինչի օրինակն էլ Մեթին Քյուլյունքի նման հայտարարություններն են:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ