Թուրքերն ԱՄՆ-ում ապրիլի 24-ին ընդառաջ պաստառներ են տարածում «հայ-թուրքական վերամիավորման» կոչով

Միացյալ Նահանգներում գործող թուրքական կազմակերպությունները մի շարք խոշոր քաղաքներում արշավ են սկսել, որի ընթացքում «հայ-թուրքական բարեկամությունը խրախուսող» ուղերձներով պաստառներ են փակցվում փողոցներում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

ԱՄՆ-ում գործող 154 թուրքական կազմակերպության մասնակցությամբ ստեղծված հանձնաժողովի նախաձեռնությամբ ամերիկյան խոշոր քաղաքներում արդեն փակցվել են մի քանի պաստառներ: Մասնավորապես, Վաշինգտոնի մետրոպոլիտենում ամրացված են պաստառներ, որոնց վրա անգլերենով կոչ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: «Միավորի՛ր մեզ, ոչ թե բաժանիր: Թուրք-ամերիկյան վերամիավորում». նման գրությունների հետ մեկտեղ նշված է նաև նախաձեռնության պաշտոնական կայքի հասցեն:

Թուրքական աղբյուրը նշում է, որ նման բովանդակությամբ պաստառներ են փակցվելու նաև ամերիկյան այլ նահանգներում և քաղաքներում, մասնավորապես, Նյու Յորքում, ինչպես նաև Տեխաս և Մասաչուսեթս նահանգներում: Նախատեսվում է նաև խոշոր պաստառների տեղադրում մարդաշատ վայրերում:

Նշենք, որ Միացյալ Նահանգների թուրքերը տարատիպ արշավներ են իրականացնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ու Վաշինգտոնում կայանալիք ցույցը խափանելու համար:

Օրեր առաջ թուրք լոբբիստների TurkishNY կայքը նշում էր՝ քանի որ հայերը ցույցեր են նախապատրաստում Վաշինգտոնում, մասնավորապես, Թուրքիայի դեսպանատան մոտ, ապա թուրքական կողմը պատրաստվում է պատասխան ցույց կազմակերպել նույն այն վայրում, որտեղ հավաքվելու են հայերը:

Թուրքերն անգամ սեփական կայքն են ստեղծել՝ 24nisan.org (24 nisan բառը թուրքերենից թարգմանելիս՝ ապրիլի 24-խմբ.), որում կոչ է արվում բոլոր թուրքերին ապրիլի 24-ի առավոտյան անպայման հավաքվել Թուրքիայի դեսպանատան մոտ: Թուրք լոբբիստները կոչ են անում ցույցի մասնակիցներին ոչ միայն հավաքվել ապրիլի 24-ին, այլև նաև ավելի վաղ օրերի՝ տեղում «պարեկություն» անելու համար:

Նշվում է, որ միջոցառումը կազմակերպելու, համապատասխան կայքը բացելու համար ներգրավվել է 120-ից ավել թուրքական կամ թուրքամետ կազմակերպություն:

Կազմակերպիչները նշում են, թե իրենց գլխավոր խնդիրն է ավելի շատ ներկայություն ապահովել թուրքերի ցույցին, քան կարող են ապահովել հայերը:

Հավելենք, որ Միացյալ Նահանգներում թուրքական կազմակերպությունները, Թուրքիայի դեսպանատունը փորձում են ամեն կերպ խափանել Ցեղասպանությանը նվիրված միջոցառումների անցկացումը: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները ևս մասնակցում են նման գործողությունների կազմակերպմանը:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ