Անկարայի հայկական գերեզմանատունը ողբերգական վիճակում է

Անկարայի հայկական գերեզմանատունն անմխիթար վիճակում է, հայերի ոսկորները բաց երկնքի տակ են: Ցավալի այս փաստն արձանագրել է թուրքական «Մյուլքիյեհաբեր» լրատվակայքը:

Աղբյուրը նշում է, որ հայկական գերեզմանատունը մշտապես գանձ որոնողների թիրախում է, որոնք պղծում են գերեզմանները՝ ոսկի կամ այլ թանկարժեք իրեր գտնելու ցանկությամբ: Նրանց գործողությունների և քաղաքային իշխանությունների անտարբերության հետևանքով գերեզմանատանը թաղված հայերի ոսկորներն անգամ բաց երկնքի տակ են, և ստեղծված բարձիթողի վիճակով որևէ մեկը չի զբաղվում: Բացի այդ, ըստ թուրքական աղբյուրի, գերեզմանատան տարածքն անգամ օգտագործում են բացօթյա խնջույքներ կազմակերպելու համար:

Վատ վիճակում են նաև գերեզմանաքարերը, որոնցից միայն մի քանիսն է անվնաս, մնացածը կամ տեղաշարժված են, կամ քանդված և փշրված: Նշվում է, որ որոշ գերեզմանաքարեր էլ տարել են Անկարայի քաղաքակրթությունների թանգարան:

Հայկական գերեզմանատունն Անկարայի Իստանոզ շրջանում է, որտեղ դարեր շարունակ հայեր են բնակվել: Հայոց ցեղասպանության ընթացքում և դրան հաջորդած տարիներին Անկարան ևս հայաթափվել է:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ