Ապրիլի 23-ին ուղերձ ենք հղելու. Էրդողան

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է իր հարցազրույցներում անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Այս անգամ Թուրքիայի նախագահը Հայկական հարցից խոսել է ինքնաթիռով Իրանից Թուրքիա վերադարձի ժամանակ:

Էրդողանը խոսել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի նոր ուղերձի հնարավորության, Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումների, «ԱՍԱԼԱ-ի սպառնալիքների» մասին և այլ թեմաներով՝ փոխանցում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը:

«1915 թվականի դեպքերի (Հայոց ցեղասպանության-խմբ.) 100-րդ տարելիցի կապակցությամբ հայերը միջազգային մակարդակում շատ լավ են պատրաստվել, սակայն անցյալ տարի մեր հղած ցավակցական ուղերձը (Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը-խմբ.) շատ հարցեր լուծեց: Այս տարի Թուրքիան ինչպիսի՞ մարտավարություն է կիրառելու»՝ հարցին Էրդողանը պատասխանել է. «Այս տարվա ուղերձը, տա Աստված, ապրիլի 23-ին Ստամբուլում խաղաղության ժողովի ժամանակ ենք հղելու: Առաջին օրը Ստամբուլում խաղաղության ժողովն է լինելու, հաջորդ օրն էլ մեկնելու ենք Դարդանել: Երրորդ օրն էլ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ղեկավարների հետ միասին արարողություն ենք անցկացնելու»:

Այնուհետև Էրդողանն անդրադարձել է ԱՍԱԼԱ-ի անունից սպառնալիքներին, որոնք ուղղված են Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառման մասնակցիներին:

«ԱՍԱԼԱ-ն սպառնում է այն երկրներին, որոնք գալու են Դարդանել: Թե ով և ինչու է մտահոգվել՝ պարզ է»,- նշել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ին Անկարա այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, թե թուրքական կողմը պատրաստվում է Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցը նշել ապրիլի 24-ին, ինչի կապակցությամբ 102 երկրների ղեկավարների պաշտոնական հրավերներ են ուղարկվել՝ Թուրքիայում նշելու այդ իրադարձությունը: Էրդողանի կողմից հրավիրվածների թվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը պատասխան նամակով արդեն հրաժարվել է Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումներին մասնակցությունից, ինչպես նաև նշել հրաժարվելու պատճառները:

Այսպիսով՝ Էրդողանն իր այս հրավերով նախևառաջ մերժել է ՀՀ նախագահի՝ ավելի վաղ իրեն ուղարկված հրավերը՝ ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և միասին հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Դարդանելի ճակատամարտի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելու Էրդողանի որոշումը միմիայն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ, քանի որ ապրիլի 24-ը Դարդանելի գործողության տեսանկյունից առանձնացող և նշանավոր օր չէ: Թուրքիայում Դարդանելի գործողության տարելիցն ավանդաբար նշում են մարտի 18-ին:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ