Կարսում հայկական եկեղեցին վերջնական փլուզման եզրին է

Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգում հերթական հայկական եկեղեցին է ոչնչացման եզրին: Եթե մոտ ապագայում եկեղեցին չվերականգնվի և չամրացվի, այն կարող է ամբողջապես փլուզվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիյեթ» պարբերականը:

Հայկական եկեղեցին ներկայիս Օղուզլու բնակավայրի մոտակայքում է՝ Անիից ոչ շատ հեռու:

Տարիներ շարունակ անուշադրության մատնված հայկական սրբատեղին ենթարկվել է թուրք և քուրդ գանձ որոնողների հարձակումներին, ինչի հետևանքով էլ ավելի է վնասվել, իսկ այժմ կիսավեր վիճակում է:

Թեև Օղուզլուի բնակիչներն իրենց ավան այցելած Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրին տեղեկացրել են եկեղեցու անմխիթար վիճակի մասին, բայց դեռ որևէ գործուն քայլ չի իրականացվել եկեղեցին վերականգնելու ուղղությամբ: Նշենք, որ հաճախ Արևմտյան Հայաստանի բնակավայրերի ներկայիս բնակիչները դիմում են պետությանը՝ իրենց բնակավայրի մոտակայքի հայկական կոթողները վերականգնելու համար, որի նպատակը տարածքում զբոսաշրջությունը զարգացնելն է:

Նշենք, որ Օղուզլուի մոտ գտնվող հայկական եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում, Հայոց ցեղասպանության տարիներին տուժել է նաև այս սրբավայրը, իսկ 1936 թվականի երկրաշարժի հետևանքով պատմական շինությունը ևս մեկ ծանր հարված է ստացել: Հետագա տարիներին թուրքական պետությունն անուշադրության է մատնել պատմամշակութային կոթողը, որը ներկայումս փլուզման եզրին է:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ