Թուրքիայում Արմաշի հայկական վանքը դարձրել են մզկիթ, տպագրատունը՝ ախոռ

Արմաշ

Թուրքական «Ռադիքալ» լրատվակայքում պոլսահայ լրագրող Արիս Նալջըն շարք է սկսել ներկայիս Թուրքիայի այն բնակավայրերի մասին, որտեղ մինչ Հայոց ցեղասպանությունը հայեր են ապրել, դպրոցներ և եկեղեցիներ գործել: Այդ նպատակով նա շրջում է այդ բնակավայրերով:

Առաջին կանգառը Իզմիթի շրջանի Արմաշ ավանն է, որը մինչ Ցեղասպանության իրագործումը մեծամասամբ հայ բնակչություն ունեցող ծաղկուն, բայց ոչ մեծ բնակավայր էր:

Ցեղասպանությունից հետո այստեղ են տեղավորվել Բալկանյան թերակղզուց գաղթած մուսուլմանները, ինչից հետո Արմաշը վերածվել է Աքմեշեի՝ կորցնելով հայերին և հայկական մշակույթը:

Հեղինակը, շրջելով նախկինում հայերով բնակեցված ավանով, արձանագրում է, որ հայկական պատմամշակութային ժառանության վիճակն անմխիթար է: Հայկական վանական համալիրն ու այլ պատմական և հոգևոր շինություններ այժմ կիրառվում են ամենատարբեր նպատակներով:

Վերջին տարիներին վանքի մի մասի հիմքի վրա կառուցվել է նոր մզկիթ: Վանական համալիրի այլ շինություններ վերածվել են ախոռի, լավագույն դեպքում՝ դպրոցի: Քաղաքի հայկական տպագրատունը տարիներ շարունակ որպես ախոռ է օգտագործվել: Հայկական կիսավեր շինությունների մի մասն էլ անմխիթար վիճակում շարունակում է ավերվել և որևէ կերպ չի օգտագործվում: Թեև վանական համալիրի մի մասը վերականգնվել է, սակայն այս դեպքում փակվել են շինության վրայի հայերեն գրությունները:

Արիս Նալջըն մյուս հոդվածում անդրադառնալու է Սաքարիային:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ