Հռոմի պապին միակողմանի մոտեցումը սազական չէ. Դավութօղլու

Ահմեթ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ևս անդրադարձել է Վատիկանում մատուցված պատարագին, որի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 1,5 մլն հայերի զանգվածային կոտորածն իր անունով էր կոչել՝ Հայոց ցեղասպանություն:

Դավութօղլուն իր խոսքում Հռոմի պապին մեղադրել է «միակողմանի մոտեցման» համար, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Ցավերը միակողմանի դիտելը սազական չէ Հռոմի պապին և նրա գլխավորած կառույցին: Մանավանդ, պատերազմական ժամանակ ապրած ցավերին պետք է արդարացի մոտեցում ցուցաբերել, պետք է տեր կանգնել մարդկության բոլոր ցավերին»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Նշենք, որ ավելի վաղ կարճ մեկնաբանությամբ հանդես եկած Վատիկանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեթ Փաչաջըն հայտարարել է, թե «իրենք չէին սպասում, որ Հռոմի պապն օգտագործելու է «ցեղասպանություն» եզրը»:

Թուրքիայի ԱԳՆ է հրավիրել այդ երկրում Վատիկանի դեսպանին, որից բացատրություն են պահանջել կաթոլիկների հոգևոր հոր հայտարարության համար:

Պաշտոնական այցով Մոնղոլիա մեկնած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ոչ միայն առցանց հետևել է զարգացումներին, այլ նաև որոշակի ցուցումներ է տվել իր գլխավորած գերատեսչության աշխատակիցներին: Ավելի ուշ նա հայտարարությամբ է հանդես եկել, որի ժամանակ քննադատել է Հռոմի պապի հայտարարությունն ու Ցեղասպանության փաստը բարձրաձայնելը:

«Կրոնական կառույցներն անհիմն պնդումների միջոցով թշնամանք և ատելություն սերմանելու վայրեր չեն: Հռոմ պապի՝ պատմական և իրավական իրողություններից հեռու հայտարարությունը չի կարող ընդունելի լինել»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուի այս անդրադարձից բացի՝ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը: Թուրքիայի ԱԳՆ-ն ևս մեղադրանքներ է ուղղել Հռոմի պապին և քննադատել Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար:

«Անցյալ տարվա նոյեմբեր ամսին Հռոմի պապի այցելությունը Թուրքիա ընկալվեց որպես խաղաղությանն ուղղված քայլ, որը, սակայն, կյանքի չի կոչվում»,- նշված է հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, թե «Վատիկանը ցուցաբերել է միակողմանի մոտեցում և ներկայացրել է միայն հայերի ցավը՝ մոռանալով այդ նույն ժամանակ մուսուլմանների ապրած ցավերը»:

Հայտարարությունում թուրքական կողմը հղում է կատարում նաև Թայիփ Էրդողանի 2014 թվականի ապրիլքսանչորսյան ուղերձին, ինչպես նաև նշում, որ հարցի վերաբերյալ միակողմանի քայլերը Թուրքիայի և թուրք հասարակության համար անօրինական են:

Թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը, որը նույնպես քննադատել է Ցեղասպանության փաստը բարձրաձայնած կաթոլիկների հոգևոր առաջնորդին:

«Հռոմի պապի՝ 1915-ի (Հայոց ցեղասպանության-խմբ.) վերաբերյալ հայտարարությունը ոտքից գլուխ քաղաքական մոտեցում էր»,- նշել է թուրք նախարարը և հավելել, որ «սա երկար ժամանակ հղվող խաղաղության և երկխոսության ուղերձներին չհամապատասխանող մոտեցում էր»:

«Հռոմի պապի հայտարարությունները պետք է ուղղված լինեն երկխոսությանը, այլ ոչ հակառակը»,- հավելել է Չելիքը:

Հարցի վերաբերյալ մեկնաբանություններ են տվել նաև այլ թուրք պաշտոնյաներ, ովքեր բոլորը քննադատել են Վատիկանում Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնելը:

Նշենք, որ ապրիլի 12-ին Հռոմի պապը 1.5 մլն հայերի զանգվածային ջարդն Օսմանյան Թուրքիայում անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Այս մասին նա ասել է Հռոմում` Սուրբ Պետրոսի տաճարում, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ