Թուրքերին նյարդայնացրել է հռչակավոր ճարտարապետի հայկական արմատների մասին գրառումը Կեսարիայի եկեղեցու կայքէջում

Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ ներկայիս Թուրքիայի Կայսերի (Կեսարիա, Մաժաք) քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հիմնադրամի պաշտոնական կայքում հայտնի ճարտարապետ Սինանը նշված է որպես հայ:

Այդ «սխալը» հայտնաբերել է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը, որն էլ տարածել է տեղեկությունը:

Հայկական եկեղեցու թուրքերեն կայքում գրված է, որ Սինան ճարտարապետը հայ է և Կեսարիա քաղաքից է: Նշվում է, որ Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում հռչակավոր ճարտարապետը ծնվել է Աղրնաս գյուղում՝ հայ առաքելական եկեղեցու հետևորդ ընտանիքում:

Նշենք, որ Սինանը համարվում է օսմանյան և թուրքական պատմության լավագույն ճարտարապետը: Նրա էթնիկ ծագման վերաբերյալ վեճերը մինչ օրս շարունակվում են: Անգամ թուրք գիտնականների թվում կան անձինք, որ նշում են, թե Սինանն ունեցել է հայկական ծագում: Թուրքերի մի մասն էլ պնդում է, թե նա թյուրքական արմատներ ունի:

Սինանն ապրել և ստեղծագործել է 16-րդ դարում՝ Օսմանյան կայսրության հզորացման ժամանակաշրջանում: Նրա կառուցած մի շարք մզկիթներ մինչ օրս կանգուն են և ճարտարապետական մեծագույն արժեք ներկայացնող կառույցների թվում են:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ